Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ստանում։ Արեգակի աղոտ շողքը, նրա մուտքից ներս ցոլանալով, հազիվ կարողանում էր փոքր-ինչ մեղմացնել ներսի թախծալի խավարը։ Մի կողմում դրած էր մահճակալի նման մի բան, կազմված անտաշ փայտերից, որի յուրաքանչյուր մասը կապված էր միմյանց հետ ոստերից ոլորած փոկերով։ Ցամաք մամուռը, որ տարածված էր նրա վրա, ծառայում էր իբրև անկողին։ Այրի մյուս կողմում, մահճակալի հանդեպ, չորս քարե սյունակների վրա դրած էր մի սալ, որը փոքր-ինչ հարթելով, իբր թե սեղանի ձև էին տվել։ Նրա մոտ ամրացած էր մի աթոռ, որը դրսի նստարանի թե նմանությունը և թե կազմվածքն ուներ։ Ջրով լի դդմասրվակը, որ դրած էր սեղանի վրա, լրացնում էր այդ անշուք բնակարանի չքավոր կարասիների թիվը։

Դրսից քարանձավը յուր բնական գեղեցկությունն ուներ։ Մշտականաչ պատուտակները իրանց խիտ հյուսվածքով շուրջանակի տարածվելով պսակում էին նրա մուտքը։ Իսկ երկու սգավոր ուռենիներ իրանց վարսագեղ ճյուղերով հովանավորում էին նրան։ Մի զույգ եգիպտական աղավնիներ, սպիտակ որպես ձյուն, բույն էին դրել ուղիղ անձավի մուտքի վերևում, ապառաժի խորին ճեղքվածքի մեջ։ Դրանք անձավի նախկին բնակիչներն էին, իրանց տեղը սիրով թողեցին կղզու սրբազան հյուրին, իսկ իրանք նոր բույն շինեցին հիշյալ ճեղքվածքի մեջ, չհեռանալով նոր դրացիից։ Ձագուկները մնչում էին, և նա խորին մտահուզությամբ լսում էր նրանց մանկական մնչյունը և կարծես նրա տխուր դեմքի վրա կարդացվում էին այդ խոսքերը. «Երջանի՜կ են դրանք, որ գոնե խնամող հայր և մայր ունեն․․․ իսկ այն բազմաթիվ որբանոցները, որ ես հիմնեցի իմ հայրենիքում, այժմ ո՞ւմ խնամակալության ներքո են գտնվում․․․ այժմ ո՞վ է իմ ձագուկների հոգատարը․․․»։

Արևը արդեն մտել էր, բայց հորիզոնը դեռ վառվում էր ոսկեղեն բոցերով։ Լուսավորված ծովը, որպես մի շողշողուն հայելի, միախառնված էր երկնքի ծիրանեգույն պայծառության հետ, որի վրա տակավին փայլում էին վերջին ճառագայթները, իրանց սուր, սլաքաձև ճաճանչներով։ Այդ վսեմ, հանդիսավոր րոպեում՝ ամեն երեկո երկար նստած էր լինում նա, մինչև ճառագայթները հետզհետե անհետանում էին, բոցավառ լուսավորությունը հանգչում էր, և հորիզոնի վրա տիրում էր մուգ-կապտագույն մռայլ․․․ Իսկ այս երեկո նույնը կատարվեցավ նրա սրտում․․․ Նա վեր կացավ յուր նստած տեղից և սովորականից վաղ մտավ յուր քարանձավը։

Այնտեղ տիրում էր խորին մթություն։ Մոտեցավ մահճակալին