Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այդպես էր այդ քարաժայռը դարերով, անհիշելի շատ դարերով առաջ։

Եղավ որ, մի անգամ, բրիչը ուսին դրած, այդ լեռան ստորոտով անցնում էր Ֆարհադը՝ Պարսկաստանի մեծ քանդակագործը։ Հանկարծ փողերի խառնաձայն հնչյուններ արթնացրին նրան յուր խորին մտահուզությունից, որի մեջ ընկղմված էր այդ րոպեում։ Նա կանգ առեց։ Երևացին որսորդական բարակներ, երևացին բազեակիր ձիավորներ, և ուրախ, անհոգ ասպախումբը փոթորկի նման հայտնվեցավ, և փոթորկի նման անցավ նրա մոտով․․․

Մեկի պատկերի աղոտ ստվերագիծը մնաց նրա սրտում․․․ Այդ պատկերը խլեց նրա հանգստությունը։ Ամեն անգամ, նույն օրը, նույն ժամին, նա կանգնած էր լինում այդ ճանապարհի վրա։ Սպասում էր, յուր հոգու ամենաքաղցր զգացմունքներով սպասում էր, մինչև հայտնվում էր սիրելի պատկերը և, մի թեթև հայացք ձգելով նրա վրա, կայծակի նման անցնում էր։

Նա կորցրեց յուր սրտի խաղաղությունը, թողեց արհեստը, թողեց ճարտարությունը և սկսեց խելագարի նման թափառել այդ լեռների ամայության մեջ։

Անցան օրեր, անցան շաբաթներ, անցան ամիսներ․․․ Մի անգամ նստած էր նա և դարձյալ սպասում էր։ Հայտնվեցավ նա։ Բայց այս անգամ ոչ որսորդական բարակներ կային նրա հետ և ոչ բազեակիր ասպետներ։ Միայնակ էր նա, մի խումբ նաժիշտների հետ։ Ձին քշեց, մոտեցավ Ֆարհադին։

— Ողջո՜ւյն քեզ, ով մեծ վարպետ, - ասաց նրան։ — Ի՞նչն է կապել քեզ այդ լեռների, այդ անապատների ամայության հետ։ Ես քեզ միշտ այստեղ եմ տեսնում․․․

— Այն բախտավորությունը,- պատասխանեց Ֆարհադը,— որ երբեմն մի աննման պատկեր լուսավորում է այդ անապատների ամայությունը։

— Միթե այդքան վա՜ռ է քո մեջ սերը․․․ - հարցրեց նա ժպտալով։

— Ո՛վ չի սիրի նրան, որ անմահների մեջ յուր հավասարը չունի․․․ Ո՜վ չի սիրի նրան, որի շունչը կյանք է բաշխում, որի մի հայացքը պարգևում է հավիտենական երջանկություն․․․ Միթե դու կարծո՞ւմ ես, որ միշտ քարի և քերիչի հետ զբաղված արհեստավորի սիրտը այն աստիճան քարացած է, որ գեղեցկության համար տեղ չունի։