Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/219

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Այդ ես չեմ կարծում։ Նա որ անձև քարին ձև և կյանք է տալիս, նա որ սառն մարմարիոնից ստեղծագործում է գեղեցկության տիպարներ, ինքը չի կարող չսիրել գեղեցկությունը։ Բայց լսի՛ր վարպետ, արյաց արքայադստեր սիրտը գրավելու համար մե՜ծ զոհեր են հարկավոր․․․

— Այդ ես գիտեմ․․․ մեծ աստվածուհիները մեծ զոհեր են պահանջում ․․․

— Ես անկարելին չեմ պահանջի քեզանից․ ես միայն պետք է վարձեմ քո սերը։ Նայի՛ր, Ֆարհադ, տեսնո՜ւմ ես այդ ապառաժը,- նա ձեռքը տարավ դեպի սեպաձև քարաժայռը,— դու պետք է այդ ապառաժից ինձ համար ապարանքներ հրաշակերտես, որ ես նրանց բարձրությունից նայեմ և սքանչանամ, թե ի՛նչպես Տիգրիսը արծաթափայլ պտույտներով գծում է Ասորեստանի գեղեցիկ դաշտավայրերը, կամ ի՛նչպես մեղմ հողմի շնչելուց ծածանվում են Բաղիստանի բարձրադիտակ արմավենիները։ Եվ ապառաժի սրտում պետք է իմ գանձերի համար մթերանոցներ փորես, իսկ նրա ստորոտում՝ իմ նժույգների համար օթևաններ։ Երբ այդ բոլորը պատրաստ կլինի, այն ժամանակ ես քոնը կլինեմ․․․

Ասաց և հեռացավ։

Այն օրից անցան տարիներ, քարաժայռի ՚ անխորտակելի ամրության մեջ գործում էր անխոնջ վարպետի մուրճն ու քերիչը։ Գիշեր և ցերեկ լսելի էր լինում ծանր հարվածների անլռելի ձայնը։ Գործը հաջողությամբ առաջ էր գնում։ Սերը ուժ էր տալիս մեծ արհեստավորի հանճարին, իսկ արյաց արքայադստեր գեղեցկությունը բորբոքում էր նրա եռանդը։ Կերտեց սենյակներ, կերտեց դահլիճներ, կերտեց պատկերազարդ սրահներ և միակտուր քարից սքանչելի ապարանք ստեղծեց։ Դահլիճների և սրահների պատերը կենդանացրեց բարձրաքանդակ նկարներով։ Մի տեղ պատկերացրեց Իրանի հին հսկաների և փեհլևանների կռիվները դևերի և չար ոգիների հետ։ Մի տեղ պատկերացրեց Իրանի վաղեմի արքաների փառքն ու մեծությունը և նրանց քաջությունների ու հաղթությունների հանդիսավոր տոնախմբությունները։ Գծեց քարը և նրա վրա արձանագրեց նախնական թագավորների մեծագործությունները, նրանց առաքինությունները և նրանց պարգևած բարօրությունները Արյաց աշխարհին։ Այդ հրաշալիքները կատարեց նա այն էակի համար, որին նվիրված էր յուր սիրո բոլոր ջերմությամբ։ Այդ հրաշալիքները կատարեց նա, որ միշտ հիշեցնեին նրան Իրանի փառավոր անցյալը, որ միշտ գգվեին նրա սիրտը այն վսեմ հպարտությամբ