Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մի տպավորություն էր գործում, կարծես ամենայն պատրաստականությամբ հսկում էր բանտարկյալ արքայի կյանքի վրա։

Արքան ոտքի վրա էր, խռովյալ կերպով անցուդարձ էր անում յուր նեղ սահմանի մեջ, և ամեն անգամ նրա շղթաներր աղմկում էին նկուղի խորին լռությունը։ Պարանոցի շղթան այնքան կարս էր, որ նա չէր հասնում ոչ այն անձնավորությանը, որ արձանի նման կանգնած էր քարե պատվանդանի վրա, և ոչ երկաթյա դռանը, որ փակում էր նրա արգելանի մուտքը։ Դա մի հաղթանդամ, հսկայատիպ և թավամազ տղամարդ էր, որի մորուքի և գլխի մազերը, այս բանտի մեջ ավելի անկարգ կերպով աճելով, տալիս էին նրա կերպարանքին ահռելի արտահայտություն։ Նա անցավ դեպի նկուղի անկյունը, նստեց հարդի վրա, որ ծառայում էր թե իբրև օթոց և թե իբրև անկողին։

Այդ միջոցին երկաթյա ծանր դուռը ճռնչալով բացվեցավ․ ներս մտավ բանտապետը և նրա հետ մի ծառա։ Շապիկի և պատմուճանի թևքերը մինչև արմունկները ծալած, բազուկները հոլանի, հողաթափները առանց գուլպաների հագած, գլխին գիշերային թասակ դրած, միայն տակի հագուստով, — այսպես անփույթ և անպատշաճ կերպով ներկայացավ նա բանտարկյալ թագավորին, կարծես նրան ավելի վիրավորելու համար։ Նա գլուխ տվեց և, կանգնելով դռան մոտ, կիսահեգնական և կիսածաղրական եղանակով ասաց․

— Ողջո՜ւյն հայոց արքային։ Հուսով եմ, որ իմ տեր թագավորը խաղաղ քնով և անուշ երազներով վարած լինի գիշերային խավարը։ Եվ թո՛ղ փարատեն նրանից բարի ոգիները Ահրիմանի խոլական անուրջները․․․

Բանտարկյալը արհամարհական կերպով նայեց նրա վրա և ոչինչ չպատասխանեց։

— Ինչո՜ւ չես խոսում, տեր արքա, - առաջ տարավ նա ավելի ստահակությամբ։ — Հայերը եթե ձեռքի քաջության մեջ խիստ ժլատ են, գոնե լեզվի քաջության մեջ բավական առատ են։

Նա դարձյալ ոչինչ չպատասխանեց։

— Երևի, իմ տեր թագավորը դժգոհ է յուր նվաստ ծառայից,- ասաց նա, մի քայլ դեպի առաջ փոխելով։- Ես կաշխատեմ ավելի հաճելի լինել իմ տեր թագավորին։ Ահա այս րոպեիս փոխել կտամ քո փառավոր անկողինը և անուշահոտ փափկությամբ հորինել կտամ քո արքայական մահիճը, այնպես որ դու կմոռանաս Հայաստանի գեղեցիկ մետաքսն ու ասրը