Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սպարապետ Վասակ Մամիկոնյանն էր - Սամվելի հորեղբայրը և Մուշեղի հայրը։ Իսկ նրա հետ խոսողը Հայաստանի արքան - Արշակ թագավորը։ Երբ Շապուհը երկուսին ևս խաբեությամբ հրավիրեց յուր մոտ, թագավորին աքսորեց այդ քարեղեն բերդում, իսկ սպարապետին, սպանել տալով, հրամայեց՝ կաշին տկահան անել լցնել խոտով և մշտապես դնել յուր թագավորի աչքի առջև։ Այժմ սպարապետի պաճուճապատանքն էր այդ, որ կանգնած էր քարե պատվանդանի վրա։ Ոչինչ ցավ, ոչինչ դառնություն այնքան չէր խոցոտում գահազուրկ թագավորի սիրտը, որքան այդ լուռ, անմռունչ ուրվականը, որ յուր լռությամբ ավելի ազդու լեզվով հիշեցնում էր նրան յուր կորցրած փառքը։ Իբրև սպարապետ, ներկայացնում էր նա Հայաստանի զինվորական զորությունը ընկճված, առաթուր կործանված պարսկական նենգության ներքո։ Իսկ իբրև մի քաջ զորավար, յուր փայլուն հաղթություններով, որ մի քանի տասնյակ տարիների ընթացքում շարունակ կատարել էր պարսից դեմ, հիշեցնում էր նա յուր թագավորի մեծությունը, որին ինքն ևս փառակից էր և բաժանորդ։ Բոլորը կորա՛վ, բոլորը խորտակվեցավ․․․ Դառն արհավիրք, մշտական տանջանք և տխուր հիշողություններ միայն մնացին իբրև անբաժան կենակից դժբախտ թագավորին, որ շղթայակապ Արտավազդի նման կաշկանդված էր այդ մռայլ, քարեղեն նկուղի մեջ, որ գերզմանի պես ամեն րոպե ճնշում էր, խեղդում էր նրան։

Նա չդիպավ աղքատիկ ճաշին, որ բերել էին նրա համար, միայն վեր առեց խեցեղեն ամանը, խմեց ջուրը, փոքր-ինչ զովացնելու սրտի տապը։ Հետո անցավ, ընկողմանեցավ յուր հարդյա անկողնի վրա։

Նա դարձյալ շարունակեց նայել անշարժ արձանի վրա։ Թավամազ դեմքը արտահայտում էր և զայրույթ, և ապաշավանք։ Զայրույթ, որ այնպես տմարդի կերպով վարվեցավ յուր հետ արյաց արքան։ Ապաշավա՛նք, որ ինքը հարթեց յուր կործանման ճանապարհը։ Խիղճը հանգիստ չէր։ Ամեն անգամ, որ վերջին միտքը ծագում էր նրա մեջ, նա ամբողջ մարմնով դողում էր, որպես մի հանցավոր, որ ինքն ևս դեռ ոչ բոլորովին համոզված էր յուր հանցանքի մեջ։

Նա դեռ նայում էր արձանի վրա։ Նա դեռ մաքառում էր յուր սրտի և զգացմունքների հետ։

— Ո՛չ․․․ հազար անգամ ո՛չ․․․ ես մեղավոր չեմ․․․ - բացականչեց