Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/227

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նա, և կատաղության կրակը վառվեցավ մռայլ աչքերի մեջ։ — Իմ նախարարների անդադար խռովությունները, վերջապես, ձանձրացրին ինձ․․․ Ես, իրա՛վ է, պատերազմ հայտնեցի նրանց դեմ, ցանկանում էի պատմել ընբոստ անհնազանդությունը, ցանկանում էի ոչնչացնել նրանց, որպեսզի ի մի ձուլեմ հայոց բաժան-բաժան եղած ուժերը և նրանցից ստեղծեմ մի հզոր, միահեծան պետություն։ Ես ավելի բարձր էի դասում Հայաստանի ամբողջությունը, քան հարյուրավոր առանձնացած իշխանություններ, որոնք, իմ նախորդների անհոգությունից, այն աստիճան բռնացել էին, որ ամեն անգամ ամբարտավանությամբ եղջյուր էին թոթափում իրանց արքայի դեմ․․․ Ես կամեցա չափի և սահմանի մեջ դնել նրանց կամայականությունները․․․ Իսկ նրանք միաբանվեցան և ապստամբվեցան իմ դեմ․․․ Այդ բավական չէր, նրանք ներքին, ընտանեկան կռվի մեջ հրավիրեցին օտարի միջամտությունը․․․ Պարսկի՛ն, մեր դարևոր թշնամուն գրգռեցին իմ դեմ․․․ Ես միայնակ մնացի ե ստիպվեցա թշնամո» դուռը գնալ և նրա հետ հաշտության դաշն կապել.*. Իսկ թշնամին ինձ ուղարկեց այստեղ․․․

Նա դարձյալ վեր կացավ և, գլուխը, խոնարհեցրած, մի քանի անգամ անցավ նկուղի մեջ։ Ներքին վրդովմունքը ալեկոծում էր նրան։ Կրկին դիմեց դեպի անշարժ արձանը այդ խոսքերով․

— Դու վկա ես, Մամիկոնյան տեր, թե ո՛րքան անկեղծ էին իմ ցանկությունները թե ո՛րքան բարձր էի դասում ես հայրենիքի բախտավորությունը․․․ Իմ հարաբերությունները իմ նախարարների հետ այն աստիճան լարվեցան, որ երկուսից մեկը պետք է զոհվեր, կամ թագավորությունը նախարարության, կամ նախարարությունը թագավորության։ Ես բարվոք համարեցի վերջինը։ Ինձ համար սուրբ էր հայոց գահի հաստատությունը, որ ժառանգել էի իմ նախնիներից։ Բայց եթե իմ ձեռքով չկործանվեցավ նախարարությունը, անշուշտ կկործանվի նա պարսկի ձեռքով, որի թեկնածությունը մի հզոր պաշտպանություն համարեց յուր թագավորի դեմ պատերազմելու․․․ Այդ քարեղեն նկուղի անթափանցիկ թանձրության միջով տեսնում եմ ես, Մամիկոնյան տեր, թե ի՛նչ է անում Շապուհը Հայոց աշխարհում․․․ Նա կտրեց գլուխը, այժմ պետք է սկսե հոշոտել անդամները․․․ Գլուխը աքսորեց այստեղ․․․ իսկ Սագաստանի մթին բանտերը կլցնե հայոց նախարարներով․․․ Եվ անտեր Հայաստանը կմնա պարսկական բարբարոսության մի արձակ ասպարեզ․․․ Նրանց կանայքը և աղջիկները կբազմացնեն պարսից արքունիքի հարճերի և աղախինների թիվը․․․ Նրանց դեռահաս որդիները