Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/230

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մինչև այցելուներին պատշաճավոր իջևաններ տվեցին, մինչև նրանց ձիաները տեղավորեցին, արևը մտավ, մութը պատեց, ճրագները վառվեցան։

Այդ ժամանակ բանտապետը մտավ յուր հյուրի սենյակը և գլուխը տալով, ասաց.

— Ես հուսով եմ, որ տեր ներքինապետը այս գիշեր կհանգստանա ճանապարհի հոգնածությունից և առավոտյան լուսով կտեսնե յուր թագավորին։

— Ոչ, բանտապետ տե՛ր, ես այս գիշեր պետք է տեսնեմ իմ թագավորին, — պատասխանեց նա անհանգիստ կեպով,— և, եթե կարելի է, հենց այս րոպեիս։

— Տեր ներքինապետի համար անկարելի ոչինչ չկա, երբ նա արքայից արքայի օրհնյալ հրովարտակովն է ներկայանում,— ասաց բանտապետը անվճռական ձայնով։— Միայն տեր ներքինապետին պետք է հայտնի լինեն այդ բերդի կարգերը... պետք է փոքր-ինչ...

— Հասկանում եմ... դու կամենում ես փոքր-ինչ վայելուչ դրության մեջ ցույց տալ ինձ իմ թագավորին, բայց ես կցանկանայի տեսնել նրան նույն դրության մեջ, որպես միշտ ապրել է այստեղ։ Այո՛, այդ բերդի կարգերը ինձ բավական հայտնի են... Դու քաշվելու ոչինչ չունես, բանտապետ տե՛ր, եթե ես նրան ամենադժբախտ վիճակի մեջ կտեսնեմ։

Բանտապետը դարձյալ տատանվում էր անվճռականության մեջ և, որպես մի հանցավոր, խղճահարությունից գլուխը ցած էր գցել։

— Այնուամենայնիվ,— ասաց նա,— ինձ խիստ ծանր է քո սիրտը ցավեցնել... ներքինապետ տե՛ր։

— Լսի՛ր, բանտապետ,— ասաց այցելուն, բավական խրոխտ ձայնով:— Քեզ, կարծեմ, հայտնի եղավ արքայից արքայի հրովարտակի բովանդակությունը։ Իմ թագավորի վիճակը վայելուչ դրության մեջ դնելը և նրա վշտերը թեթևացնելը — այդ բոլորը իմ գործը պետք է լինի։ Դու միայն հրամայիր, որ այս րոպեիս ինձ աոաջնորդեն դեպի նրա կացարանը։

— Ես ինքս կառաջնորդեմ, ներքինապետ տե՛ր,— ասաց բանտապետը հոժարվելով։

Տանջանքի մատակարարը վերջապես խոնարհվեցավ բարձրագույն հրամանի առջև։ Այն օր, որպես մեզ հայտնի է, նա ավելի հանդգնությամբ էր վարվել դատապարտյալ թագավորի հետ, ցանկանում