Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դու միայն այն ասա՛, թե ինչպե՞ս թույլ տվեցին քեզ մտնել իմ մոտ։ Այդ ինձ շատ զարմացնում է․․.

Ներքինապետը սկսեց պատմել, թե յուր սիրելի արքայից բաժանվելուց հետո ինքը մնաց այն հայագունդ այրուձիի թվում, որ պահված էր Տիզբոնում։ Այդ միջոցներում Շապուհը մի նոր արշավանք գործեց քուշանաց դեմ և հասավ մինչև նրանց Բահլ մայրաքաղաքը։ Նրա զորքերի թվում գտնվում էր թե ինքր և թե հայոց այրուձին։ Տեղային արշակունի թագավորը դուրս եկավ Շապուհի առաջ, և սկսվեցավ այրունահեղ պատերազմը։ Պարսիկներր ջարդվեցան, և Շապուհը փորձեց փախուստով ազատել յուր կյանքը։ Բայց չհաջողվեցավ, որովհետև փախչելու միջոցին քուչաներից մի խումբ շրջապատեցին նրան և գերի բռնեցին։ Բայց ինքը ներքինապետը, յուր հայ ձիավորներով վրա հասավ և ազատեց Շապուհին։ Երբ վերադարձան Տիզբոն, Շապուհը ատյան կազմեց, հրապարակով հանդիմանեց յուր զորապետների անպիտանությունը և ցավելով գովաբանեց հայերի քաջագործությունը։

— Նույն ատյանի մեջ, տե՛ր արքա, — շարունակեց ներքինապետը,—Շապուհը դարձավ ինձ, ասելով. «Դրաստամատ, իմ կյանքով ես քեզ եմ պարտական, դու ազատեցիր ինձ անարգ գերությունից. խնդրի՛ր քեզ վարձատրություն, փառք, պատիվ, իշխանություն, հարստություն, երդվում եմ իմ նախահարց սուրբ հիշատակով, ինչ որ խնդրելու լինես, կստանաս ինձանից»։ Բայց ես ոչ հարստություն պահանջեցի և ոչ իշխանություն, տե՛ր արքա, ես պահանջեցի միայն, որ ինձ իրավունք տան գնալ Անուշ բերդը և տեսնեչ իմ սիրելի թագավորին...

— Եվ քեզ իրավունք տվեցի՞ն։

— Այո՛, տեր արքա։ Շապուհը չէր կարող երևակայել, որ ես այդ շնորհը կխնդրեի։ Երբ իմ ցանկությունը հայտնեցի, նա երկու ձեռքով կոծեց ծնկները, և ստրջացավ յուր խոստման մասին, ասելով, «Անհնարին բան խնդրեցիր, Դրաստամատ, որովհետև արյաց օրենքներին հակառակ է՝ ոչ միայն այցելություն գործելն Անուշ բերդի դատապարտյալներին, այլ նրանց մտաբերելն անգամ։ Խնդրի՛ր մի այլ բան, իմ գանձարանները լի են ոսկով և գոհարներով, ազգք և ազինք խոնարհած են իմ իշխանության ներքո, որ երկիրը ցանկանալու լինես, կտամ քեզ»։ Ես կրկնեցի միևնույն խնդիրքը։ Որովհետև հրապարակով երդվել էր, չկարողացավ զանց առնել։

Աքսորյալի մռայլ դեմքի վրա անցավ մի դառն ժպիտ։