Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/240

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ինչպե՞ս հասան քեզ այդ տեղեկությունները։ Դրաստամատ։

— Տիզբոնում եղած ժամանակս, տեր արքա, միշտ հետամուտ էի գիտենալու, թե ի՛նչ են մեքենայում պարսից արքունիքում։ Այդ մասին ես ունեի մի հավատարիմ անձն, որ շատ մոտ էր գործերին և ամեն ինչ հաղորդում էր ինձ։ Հավաքած տեղեկություններս գաղտնի սուրհանդակների միջոցով անմիջապես հաղորդում էի հայոց նախարարներին, նրանց զգուշացնելու համար, և նրանցից պատասխաններ էի ստանում։ Ես ինչ որ կարող էի անել, արել եմ, տեր արքա, այժմ մնում է ինձ՝ դյուրացնել իմ թագավորի դրությունը, և, եթե կհաջողվի ինձ, որի մասին մեծ հույս ունեմ, ազատել նրան յուր դառն կապանքներից...

Վերջին խոսքերը արտասանեց նա հազիվ լսելի ձայնով։

Թագավորի դեմքի վրա երևաց մի տխուր ժպիտ։

— Գովում եմ քո եռանդը, Դրաստամատ,— ասաց նա,— բայց չեմ կարող հավանություն տալ քո անչափ ոգևորությանը: Դու, քան թե այստեղ իմ ազատության հոգսերով զբաղվելու, որը ժամանակի և հաջող հանգամանքների գործ է, ավելի օգտավետ կլինեիր այնտեղ, Տիզբոնում, որպեսզի, պարսից արքունիքին մոտ լինելով, շարունակեիր քո սկսած դերը։ Հայոց նախարարներին մի հավատարիմ ականջ է հարկավոր ունենալ Տիզբոնում, և ամենահարմարը դու ես, որ վայելում ես Շապուհի առանձին շնորհը։

— Այնուամենայնիվ, իմ տեր թագավորի վիճակը... նրա աննախանձելի դրությունը...— կրկնեց ներքինին դողդոջուն ձայնով։

— Իմ վիճակը այժմ մասամբ դյուրացած եմ համարում, Դրաստամատ, որովհետև քո հաղորդած տեղեկությունները բավական հանգստացրին ինձ։ Կրկնում եմ, Տիզբոնում մի հավատարիմ մարդ է հարկավոր, և այդ մարդը դու պետք է լինես։ Իսկ ինձանով զբաղվելը — դա միայն ժամանակ կխլեր քեզանից։ Ես ավելին կասեմ․ իմ այստեղից ազատվելը, Հայաստան գնալը և կրկին իմ կառավարության գլուխը անցնելը, գործերի այժմյան խառն և անորորշ դրության ժամանակ,— ես մինչև անգամ վնասակար եմ համարում։ Ինչո՞ւ։ Որովհետև ես չպիտի կարողանամ հաշտվել իմ նախարարների հետ, իսկ այդ հայրենիքի փրկության համար անհրաժեշտ է: Մեր մեջ այլևս վաղեմի մտերմությանը կայանալ չէ կարող։ Իմ ներկայությունը կբորբոքե մի նոր, ներքին պատերազմ, երբ արտաքին թշնամու հետ կռվելու շատ պետքեր կան։ Ես կմնամ այստեղ, ես կզոհեմ ինձ հայրենիքի