Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խաղաղությանը։ Թո՛ղ իմ նախարարները հաշտվեն իմ որդու հետ։ Նա նոր է նրանց համար և նրա հետ հին հաշիվներ չունեն։ Իսկ ես այստեղ կաղոթեմ նրանց հաջողության համար և կսպասեմ աստուծո տնօրենությանը․․․

Ներքինին չկարողացավ զսպել յուր դառն զգացմունքները, խոնարհվեցավ և, ղրկելով դատապարտյալի շղթայակապ ոտները, բացականչեց.

— Տե՜ր արքա, մեծ է աստուծո աշխարհը և անբավ է նրա գթությունը, եթե դու Հայոց երկիրը գնալ չես ցանկանում, աստված շատ ապահով տեղեր ունի քո բնակության համար...

Դատապարտյալը վեր կացավ և նրան ևս յուր հետ բարձրացրեց, ասելով.

— Երբեք չեմ ցանկանա փախստականի անուն ժառանգել, Դրասաամատ։ Ո՞ւր գնամ։ Հռոմայեցո՞ց մոտ։ Պարսկի բանտը ինձ համար ավելի տանելի է, քան թե նրանց կեղծավորությամբ լի պալատները։ Իմ այստեղ մնալը թեև կուրախացնե իմ նախարարներին, բայց իմ ժողովրդի սիրտը կլցնե արդար, վրեժխնդրությամբ։ Իմ ժողովուրդը սիրում է ինձ։ Նա կմտածե, որ աքսորյալ թագավոր ունի և կթափե յուր բարկությունը անիրավ աքսորողի վրա։ Իսկ այժմյան հանգամանքներով այդ կնպաստե իմ երկրի ազատությանը։ Թո՛ղ Հայոց երկիրը ազատ լինի, այնուհետև իմ տանջանքները կթեթևանան այդ մթին բանտում։

— Իսկ քո ազատությունը կմխիթարե քո ժողովրդի սգավոր սիրտը...

— Լսի՛ր, Դրաստամատ, չափազանց սերը քեզ երեխայության մեջ է դրել։ Միթե այնքան միամի՞տ ես կարծում պարսիկներին։ Եթե սատանային պետք լինի մի նոր բան սովորել, անշուշտ նրանց կդիմեր։ Դու պետք է գիտենաս, այն հրովարտակը, որ շնորհել են քեզ և որով անսահման իրավունք են տվել քեզ քո թագավորի կեցությունը բարվոքելու և նրա համար յուր բանտի մեջ արքայավայել ապրուստ տնօրինելու, — մի նույնպիսի հրաման կամ ստացել է, կամ, անտարակույս, շուտով կստանա այդ բերդի տեսուչը։ Հսկողությունը իմ վրա ավելի կսաստկացնեն, և զգուշությունը ավելի կզորացնեն։ Դու կկարողանաս կատարել միայն այն, որքան քեզ իրավունք է տված, ինձ լավ կերակրել, լավ հագցնել և ավելի մաքուր արգելարանի մեջ պահել։ Այդքանը միայն։ Ուրեմն ինչպե՞ս կարող պիտի լինես ազատել ինձ։ Կաշառել բանտապետին, կաշառել պահապաններին, անկարելի է