Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դու պետք է մնաս այստեղ և սպասես հրաշքների։ Իսկ քո այստեղ մնալը, մի քանի րոպե առաջ հայտնեցիք որ ապարդյուն է։ Դու ավելի հարկավոր ես Տիզբոնում․․․

Ներքինին խորին տրտմությամբ լսում էր։ Դատապարտյալը շարունակեց․

— Ինձ համար մինչև անգամ խիստ ծանր է, Դրաստամատ, ընդունել այն բարվոքումները, որ պիտի լինեն իմ կեցության մեջ։ Ինձ համար ավելի տանելի կլիներ մնալ այդ դրության մեջ, բայց ամենափոքր շնորհ չընդունել տմարդի Շապուհից։ Ընդունելով նրա շնորհը, ես թեթևացնում եմ նրա հանցանքի չափը։ Բայց, որպեսզի հայտնի լինի, որ դու մի այլ նպատակ չես ունեցել այդ բերդը գալով, ես ստիպված եմ ընդունել։

Այսպես խոսում էր վշտացած թագավորը, այսպես թափում էր սրտի դառն կսկիծները, մինչև նկուղի լուսամուտներից երևացին վաղորդյան արեգակի առաջին շողքերը։ Նա նայեց դեպի ծագող լույսը, և դառնալով դեպի ներքինին, ասաց,

— Տխո՜ւր են աղետները, շա՜տ տխուր, Դրաստամատ․․․ թագավորը այստեղ—արևելքում․․․ քահանայապետը այնտեղ—արևմուտքում... իսկ երկիրը — մնացած անտեր․․․ Բայց կա մի էակ, որ բոլորի տերն է, ես նրա վրա եմ դրել իմ հույսը․․․