Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/246

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Եթե վռըշիկները դարձյալ ճանապարհը չկտրեն, շուտով դուրս կգանք անտառից, — պատասխանեց ծերունին յուր սովորական սառնասրտությամբ։

«Վռըշիկներ» կոչում էր նա ռշտունցիներին, որ թե նվազական, և թե նախատական անուն էր։

— Այդ սարի մյուս կողմում վերջանում է անտառը, — ավելացրեց ծերունին։

Պատասխանը գոհացրեց Սամվելին, բայց գրգռեց պատանի Արտավազգի անհանգստությունը։

— Ո՞ր սարի մյուս կողմում, — հարցրեց նա զայրացած ձայնով։— Ես ոչ մի սար չեմ տեսնում։

Ծերունին ոչինչ չպատասխանեց: Նա անվստահ աչքերով շարունակեց նայել յուր շուրջը։ Նրա մտահույզ դեմքը արտահայտում էր փորձված մարդու վիրավորված ինքնասիրությունը և ծերունու անհամբերությունը, որ գործ ուներ մանուկների հետ։ «Ո՞ր սատանան մոլորեցրեց մեզ,— մտածում էր նա,— ի՞նչն էր ստիպում անպատճառ այդ անիծված երկրով անցնել... միթե ուրիշ ճանապարհ չկա՞ր... Բայց ինձ չլսեցի՜ն... և իրանք տուժեցին...»։

Նեղ ճանապարհը, որով գնում էին նրանք, երբեմն կապվում էր պատնեշի նման ամբարտակներով, բայց փայտեղեն ամբար¬ տակներով։ Ծառերը կտրել և այնպես, առանց ճյուղակոտոր անե¬ լու, դիզել էին ճանապարհի վրա։ Սամվելի ասպախումբը մեծ դժվարությամբ կարողանում էր անցնել այդ տեղերից։

Ինչ-որ կատարվել էր այդ կողմերում։ Շրջակայքը իրանց բնական դրության մեջ չէին։ Այդ լցնում էր Սամվելի սիրտը մթին տարակուսանքներով, որ հետզհետե աճելով վհատության կերպա¬ րանք էին ստանում։ «Գոնե մի մարդ երևնար,— մտածում էր նա, — գոնե մի հարցուփորձ անեի...»:

— Ոչ ոք չէ երևում,— խոսեց նա ինքն իրան։

— Կամենո՞ւմ ես մարդ տեսնել, — հարցրեց ծերունին յուր սովորական բարեսիրտ ժպիտով։ — Բավական է վռըշիկների եղանակով մի անգամ աղաղակեի «հա՞յ-հո՜ւյ», և կտեսնես, որ քո ձայնը կրկնվեցավ հազարավոր բերաններում, և անցավ հեռու և հեռու, մինչև անտառի խորքերը... Այդ ժամանակ գետնի տակից, ժայռերի խոռոչներից, մացառների միջից դուրս կհոսե վայրենի բազմությունը... Այդ մարդիկ սատանայի նման ամեն տեղ կան, բայց ոչ մի տեղ չեն երևում...

Արբակի դիտողությունը սխալ չէր։ Ընծակա լեռան կիրճերից