Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/247

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և ապառաժոտ, անհավասար զառիվայրերից ազատվելուց հետո, անտառը սկսեց հետզհետե ցանցառանալ, և ծառերը սկսեցին հետզհետե մանրանալ: Վերևում բացվեցավ կապտագույն երկինքը, իսկ ներքևում — Աղթամարա ծովակի մույգ֊մանիշակագույն հայելին։ Այժմ շրջակա բլուրները ծածկված էին կարճահասակ թուփերով, որ աճել և կանաչազարգ գորգի նման հյուսվել էին ճոխ բուսականության հետ։

Կեսօրից բավական անցել էր, երբ Սամվելի բոլորովին հոգնած ասպախումբը հասավ գոգավոր նավամատույցին, որտեղից պետք էր անցնել Աղթամար կղզին։ Այն ջերմ հույսերը, այն ըղձալի փափագները, որ մղում էին երիտասարդին դեպի այղ կղզին, իսկույն տխրության փոխվեցան, երբ նկատեց նա, որ նավամատույցի մոտ ոչ միայն մարդիկ չկային, այլ չէր երևում և նավակների խումբը, որ մշտապատրաստ պահվում էր այնտեղ անցուդարձի համար։

«Ի՞նչ է պատահել...» — այդ մթին հարցը տվեց ինքն իրան, և մնաց շվարյալ դրության մեջ։ Նա ցանկանում էր անպատճառ տեսնել այդ կղզին։ Առանց այդ կղզին տեսնելու, նա չէր կարող ոչ հանգիստ լինել և ոչ երջանիկ։ Այդ կղզին տեսնելու համար, նա ծռեց յուր ճանապարհը, մտավ Ռշտունյաց անտառների մարդակուլ թավուտների մեջ և տվեց այնքան զոհեր, կորցնելով յուր քաջերի մեծ մասը։

Աղթամար կղզու ապառաժների բարձրության վրա կանգնած էր նույնանուն ամրոցը, որ սկսյալ ամենահին ժամանակներից ներկայացնում էր Ռշտունյաց նախարարների զորությունը։ Բարզափրան նահապետը առաջինը եղավ, որ Տիգրան Բ-ի օրերում այդ ամրոցի հիմքը դրեց։

Սամվելը յուր վշտահար դեմքը դարձրեց դեպի շրջակայքը։ Նրա աչքին ընկավ Ռշտունյաց իշխանների դրսի ապարանքը, որ կանգնած էր ծովեզերքում, նավամատույցից փոքր-ինչ հեռու։ Նա բոլորովին շփոթվեցավ։ Կրակը այնտեղ մեծ գործ էր կատարել։ Կիսակործան ապարանքը դեռ ծխում էր...

— Այդ ի՜նչ ծուխ է...— բացականչեց նա, և նրա աչքերը վառվեցան խորին բարկությամբ։

— Այրվո՞ւմ է... —պատասխանեց ծերունի Արբակը, գլուխը ցավակցաբար շարժելով։ — Բայց արի՛ ու իմացի՛ր, թե ո՞ր սատանան է այրել: