Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երևում էին տրորված, ոտնակոխ եղած խոտերի հետքեր, երևում էին հանգած խարույկների տեղերը, որ բոլորակ ձևով այրել էին չորեքկողմի դալար բուսականությունը, երևում էին արյունով ցողված թուփերը,— բայց արդյոք անասունների՞, թե՞ մարդու արյունով...

Սամվելն առեց յուր հետ Մալխասին և դիմեց դեպի նավամատույցը։ Երբ հասան, նա դարձավ դեպի սուրհանդակը, հարցնելով.

— Այստեղ կարելի՞ է մի նավակ գտնել։

— Ոչ, տեր իմ, տեսնո՞ւմ ես, բոլորը այրված են։

Երիտասարդ իշխանը աչք ածեց յուր չորեքկողմը. ավազների վրա ընկած էին միայն կտրատված պարանները, ջարդված թիակներ և մակույկների կիսավառ մնացորդներ։ Նա վախենում էր միանգամից հարցնել սարսափելի իրողությունը։ Նա դողում էր այն պատասխանից, որ պիտի բաց աներ նրա առջև կատարված անցքերի սոսկալի պատկերը:

— Ես պետք է անպատճառ տեսնեմ կղզին,— կրկին դարձավ նա դեպի սուրհանդակը։

— Կղզում ոչ ոք չկա, տեր իմ։

Կղզին հեռու էր ցամաքից մեկ ժամու ծովային ճանապարհով միայն։ Սամվելը նայեց դեպի այն կողմը։ Մերկ, ապառաժոտ կղզին, հսկայական սեպի նման, դուրս էր ցցվել ալիքների միջից, և նրա անմատչելի բարձրության վրա նկարված էր Ռշտունյաց նախարարների ահռելի ամրոցը։ Նա նույնպես ծխում էր... և չարագուշակ ծուխը մոխրագույն ամպիկներով տարվում էր ծովային մեղմ հողմերի հետ։ Այնտեղ ծխում էր և Սամվելի սիրտը...

Նա այլևս չկարողացավ իրան պահել, հարցրեց.

— Պատմի՛ր, Մալխաս, ի՞նչ է պատահել։

— Ցավալի՜ է, տեր իմ, շա՜տ ցավալի,— խոսեց սուրհանդակը վշտալի ձայնով։ — Ինչպե՞ս պատմեմ...

— Ասա՛, ինչ որ գիտես, ոչինչ մի՛ ծածկիր:

Նա դարձյալ մնաց շփոթության մեջ։

— Ո՞վ ոչնչացրեց այդ բոլորը։

— Քո հայրը, տեր իմ։

— Իմ հա՞յրը...— գոչեց որդին, և կարծես կայծակով շանթեցին նրա ճակատը։ Նա ձեռքը տարավ, բռնեց գլուխը, և մի քանի րոպե մնաց լուռ: