Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կատարվելիք գործերը։ Խորին դառնությամբ Նկարագրեք նա յուր հոր և Մերուժան Արծրունու ուրացությունը, բացատրեց այդ երկու դավաճանների բոլոր չար դիտավորությունները և նրանց հանձն առած ամոթալի պաշտոնը՝ քրիստոնեությունը ոչնչացնելու և պարսից կրոնը Հայաստանում տարածելու մասին։ Պատմեց նրանց դարանագործությունը Արշակունյաց արքայական գահը կործանելոլ և Հայաստանում մի նոր թագավորություն հիմնելու մասին, պարսից գերիշխանության ներքո։ Պատմեց նրանց դրած հանդիսավոր ուխտը պարսից Շապուհ արքայի առջև, և պարսիկ զորքերով Հայաստան գալը՝ Շապուհի ցանկությունները կատարելու համար։ Նկարագրեց նրանց ձեռք առած բարբարոսական միջոցները, նրանց անգթությունները, իրանց նպատակին հասնելու համար։ Մի խոսքով, հաղորդեց բոլորը, ինչ որ գիտեր ինքը, և ինչ որ նախատեսում էր ինքը։

Օրիորդը խորին վրդովմունքով լսում էր։ նրա վառվռուն աչքերը արտահայտում էին զգայուն սրտի թե՝ ցավը թե՛բարկությունը։ Նրա գեղեցիկ դեմքը հարյուր անգամ փոխեց յուր գույնը, մինչև Սամվելը ավարտեց աղետալի պատմությունը։

— Իսկ այդ բոլոր չարիքների դեմ ի՞նչ են մտածում անել հայոց նախարարները, — հարցրեց նա խռովյալ ձայնով։

— Ոմանք «ուրացողների» կողմն են։ Իսկ հայրենի գահին և եկեղեցուն հավատարիմ մնացողները ուխտել են մի մարդու պես կանգնել, կամ մեռնել, կամ ազատել հայրենիքը սպառնացոդ վտանգից։

Հետո պատմեց նա հավատարիմ մնացած նախարարների նախապատրաստությունները, Մուշեղի սպարապետության կսչվելը հայոց տիկնոջ, Փառանձեմի հրավերը՝ զինվելու ընդհանուր թշնամու դեմ, և այլն։ Յուր պատմությունը վերջացրեց հետևյալ խոս¬ քերով.

— Այժմ կասեմ քեզ, սիրելի Աշխեն, թե ինչո՞ւ համար եկա կամ ո՞ւր եմ գնում։ Երկու սիրելիներ դրած են իմ առջև. մեկը վտանգի մեջ գտնվող հայրենիքը, մյուսը, վտանգի մեջ գտնվող կինը՝ դու։ Երկուսն էլ ինձ համար հավասար չափով պաշտելի են, երկուսն էլ ինձ համար հավասար չափով անգնահատելի են։ Երկուսի ձայնն ևս կոչում են ինձ։ Երկար ես տանջվում էի այն մտքով, թե դեպի ո՞րը դիմեմ։ Երկուսի համար ևս ես ուխտել եմ անկեղծ անձնազոհություն։ Բայց իմ զգացմունքները դժվարացնում են ինձ վճռել, թե ո՞րին պետք է նվիրել առաջին զոհը։ Ահա՛, իմ սրտագին 265