Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ու մթերանոցները։ Շուկան յուր բոլոր հարստությամբ վառվում էր, որպես մի շորի կտոր։ Կրակը սկսվեցավ ատաղձագործների խանութներից և այստեղից անցավ դեպի քաղաքացոց տները։ Մարդիկ այլևս հոդ չէին տանումհանգցնելու, այլ շտապում էին փախչելու։ Ուր և դնում էին, որ կողմ և վազում էին, նրանց առջևը փակում էր հրեղեն անանցանելի հեղեղը։ Սարսափած բնակիչների հուսահատ աղաղակները, միախառնվելով կործանվող շինվածքների դղրդյունի հետ, ավելի սաստկացնում էին ընդհանուր զարհուրանքը։

Հրդեհի սոսկալի լուսավորությունը երևան հանեց մի սոսկալի հրեշ, որ քաղաքի հյուսիսային կողմից, որպես մի քարացած, գալարված վիշապ, բարձրացել էր դեպի երկինքը։ Նա հետզհետե աճում էր, հետզհետե ավելի ահռելի կերպարանք էր ստանում, որքան աճում էր տիրող լուսավորությունը։ Հպարտ հայացքով նայում էր նա դեպի յուր շուրջը ճարակող հրային ծովը, և կարծես նրա մռայլ հայացքը արտահայտում էր այդ խոսքերը. «Չնչի՞ն տարր, որքան կամենում ես կատաղի՛ր, որքան կամենում ես հեռու տարածիր քո վայրագությունը, բայց դարձյալ քո ալիքները իմ բարձրությանը չեն հասն․․․»։

Դա Վանա միջնաբերդն էր - այն վիմային հսկա ամրությունը, որ բնությունը ինքն էր հրաշակերտել։ Դա այն անմատչելի ամրոցն էր, որի Սքանչելիքները հայոց ավանդությունները. Շամիրամին էին ընծայում։

Ավելի մոտից նայելով, նա մի այլանդակ ուղտի նմանություն ուներ, բայց չոքած ուղտի, որը, որպես մի հրեշավոր սփինքս, կիսով չափ թաղվել էր ծովեզերքի ավադների մեջ։ Վիթխարի գլուխը տարածել էր դեպի արևելք, իսկ ստվար գավակը՝ դեպի արևմուտք։ Նրա կրկնակի սապատները, որ բարձրացել էին մինչև ամպերը, կրում էին իրանց վրա ահագին աշտարակներ և անառիկ, բրգաձև մարտկոցներ։ Աշխարհի բոլոր զորությունները անկարող էին ազդել նրա ապառաժային կողքերի վրա, որ պողովատի կարծրություն ունեին։ Նրա քարեղեն սրտում փորված էին բազմաթիվ սենյակներ, խորին անձավներ և զանազան սրահներ ու սրահակներ, որոնք նույնքան խորհրդավոր և նույնքան անվերծանելի էին, որպես այդ ծածկամիտ սփինքսը։

Քարակոփ սրահակներից մեկի մեջ, ուր մի ժամանակ նստած էր լինում Շամիրամը, և նրա բարձրությունից նայում էր դեպի Վանա ծովակի կապուտակ հայելին, նայում էր դեպի Վարագա լեռան