Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/275

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հրաշալի տեսարանները և հիանում էր հայոց երկրի գեղեցկությամբ,- այժմ նույն սրահակի մեջ գտնվում էր մի այլ իշխանուհի։

Քնած էր նա, այնպիսի մի անուշ և խաղաղ քնով, որ խիստ հազիվ անգամ բարի ոգիները պարգևում են մահկանացուներին. Նա քնած էր առանց հանվելու, յուր շքեղ անկողնի վրա։ Գեղեցիկ դեմքը հրդեհի տաքությունից շառագունել էր։ Քրտինքի մի քանի մարգարիտներ փայլում էին պարզ ճակատի վրա, որ պսակված էր սև գանգուրներով: Վարդագույն շրթունքներն երբեմն հազիվ նշմարելի կերպով ցնցվում էին, և մի թեթև ժպիտ յուր բոլոր հրապուրանքով վազում էր սիրուն դեմքի վրա։ Ծանր շնչառությունը ամեն անգամ բարձրացնում էր նրա հարուստ կուրծքը, որի վրա հանգչում էր պարանոցի գոհարազարդ մանյակը։ Երկու ձեռքերի հոլանի բազուկների ոսկյա ապարանջանների հետ կցած էին երկու երկաթյա օղակներ, որ միանում էին մի կարճ շղթայի երկու ծայրերի հետ։ Ոտքերից մեկը նույնպես շղթայած էր։ Այդ դրության մեջ նմանում էր նա մի բանտարկված հրեշտակի, որի հանցանքը հենց յուր անմեղության մեջն է կայանում։

Հրդեհի կարմրագույն ճառագայթները, ներս ցոլանալով նրա բանտի լայն պատուհաններից, լուսավորում էին գեղեցիկ սրահակը վառվռուն, շլացուցիչ լուսավորությամբ։ Այդ սոսկալի լուսավորության մեջ նա ավելի սքանչելի էր երևում։

Շրջակայքում տիրող աղմուկն ու խռովությունը արթնացրին նրան։ Գլուխը վեր բարձրացրեց, ապշած կերպով նայեց յուր շուրջը։ Մի քանի րոպե նա իրան երազի մեջ էր զգում։ Ոչինչ չէր հասկանում։ Նրա ականջներին հասնում էին միայն ոտքերի խուլ տրոփյուններ, խառնաձայն աղաղակներ և հուսահատական դառն հառաչանքներ։ Նրան այնպես էր թվում, որ աշխարհի վերջը հասել էր, և տիեզերքը ընդհանուր ալեկոծության մեջ էր գտնվում։ Նրա սիրտը սկսեց դողալ։ Փորձեց մոտենալ պատուհանին և նայել: Բայց ոտքին կապած շղթան արգելեց։ Աղմուկը ավելի սաստկանում էր, և սրահակի մեջ տիրող լուսավորությունը հետզհետե ավելի պայծառ գույն էր ստանում։ Նա այժմ սարսափում էր նայելու յուր շուրջը։ Երկու ձեռքով բռնեց աչքերը և ողբաձայն աղաղակով բացականչեց·

— Տե՜ր աստված, այդ ի՞նչ խռովություն է․․․

Այդ միջոցին մի անձնավորություն ծանր և հաստատուն քայլերով վեր էր բարձրանում միջնաբերդի քարակոփ սանդուղքներով