Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/279

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և հասակի,- ովքե՞ր էին այն երկու մանուկներ, որ միայն ազատ էին մնացել ընդհանուր կոտորածից։

— Մեկը Տաճատ Ռշտունին էր - իմ ամուսնի հայրը, մյուսը՝ Շավասպ Արծրունին էր - Մերուժանի հայրը։

— Այո՛, այդ երկուսը միայն կենդանի մնացին երկու նախարարական մեծ տոհմերի բազմանդամ գերդաստանից։ Բայց երբ այդ երկու մանուկներին ևս դահիճները բերեցին Տիրանի առջև մորթելու, ովքե՞ր էին, որ մերկ սրերը ձեռքում հարձակվեցան արյան հրապարակը և աղատեցին անմեղ մանուկներին։

— Մեկը քո հայրն էր-Արտավազդը, մյուսը քո եղբայրն էր - Վասակը։

— Այո՛, Համազասպուհի մեկը իմ հայրն էր, մյուսը իմ եղբայրը։ Այդ երկու մանուկների պատճառով նրանք թողին Տիրանի ծառայությունը, թողին իրանց հայրենի ժառանգությունը - Տարոնը, և ամրացան Տայոց լեռների մեջ։ Այնտեղ մանուկներին սնուցին, մեծացրին և իրանց աղջիկներին նրանց կնության տվեցին։ Շավասպից ծնվեցավ Մերուժան Արծրունին, Իսկ Տաճատից՝ Գարեգին Ռշտունին-քո ամուսինը։ Եվ այսպես կրկին շարունակվեցան երկու բնաջինջ եղած նախարարությունները։

— Ես չեմ հասկանում, ինչու համար ես հիշեցնում ինձ այդ բոլորը,- ընդհատեց տիկինը։

— Նրա համար, Համազասպուհի, որ Արշակունիների տան վրա արյուն կա, և արյունը պետք է արյունով մաքրվի...

— Բայց ոչ անմեղ ժողովրդի արյունով։

— Եվ անմեղ ժողովրդի արյունով, երբ նա հիմարաբար միջամտություն է գործում և պաշտպան է հանդիսանում Արշակունիների փչացած, անբարոյականացած տանը, որից եթե վաղուց ազատված լինեինք, ավելի բախտավոր կլինեինք, թե մենք և թե մեր աշխարհը։

— Ցնորքնե՜ր են պտտվում քո գլխում, Վահան,- ասաց տիկինը զայրացած ձայնով։— Կիրքը, ատելությունը, անզուսպ վրեժխնդրությունը կուրացրել են քեզ և խլել են քեզանից ամեն բան, ինչ որ մարդկային է, ինչ որ աստվածահաճո է։ Ասա՛ ինձ, ինչո՞վ է մեղավոր Տիրանի որդի Արշակը, մեր ներկա դժբախտ թագավորը, որ այժմ հեծում է Անուշ բերդի մթին բանտերում,— ինչո՞վ է մեղավոր նա, որ յուր հայրը այսպես կամ այնպես է վարվել։

— Նրանով, սիրելի Համազասպուհի,- պատասխանեց իշխանը, դառն կերպով ծիծաղելով,- որ նրա ձեռքերն ևս մաքուր