Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/287

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մի ստվար խումբ ուղիղ դիմում էր դեպի յուր կողմը։ Նրանը առաջնորդում էր մի հաղթանդամ տղամարդ, որ հազիվ երևում էր յուր զրահավոր և ասպարափակ թիկնապահների միջից։ Նա մոտեցավ և, միջնաբերդի ստորոտից դեպի վեր նայելով և տեսնելով այնտեղ կանգնած Մամիկոնյան իշխանին, ձայն տվեց․

— Մամիկոնյան տե՛ր, ինչո՞ւ ես այնտեղ երկչոտ աղվեսի նման կանգնել այդ բարձր քարերի գլխին, ցած իջի՛ր, մենամարտենք և մեր կռվով վերջ տանք արյունահեղ կոտորածին։ Դու, թեև կորցրիր քո տոհմի առաքինությունը, գոնե մի՛ արատավորիր նրա քաջությունը։

— Մեզ համար չէ՝ ազնվության դասը լեռնացիից առնել, Ռշտունյաց տեր, դու, եթե չէիր ցանկանում հազարավոր անմեղների արյան հոսումը, դու, եթե չէիր ցանկանում հազարավոր տների կրակի ճարակ դառնալը,- դու պետք է այդ հրավերը սկզբից անեիր, երբ դեռ ո՛չ մի արյուն չէր թափված։ Այն ժամանակ ես պատրաստ կլինեի դուրս գալ քաղաքից և իմ բազուկների ուժը չափել քոնի հետ։ Բայց երբ սկսվեցավ կռիվը այդպես տմարդի կերպով, թո՛ղ նույն կերպով և շարունակվի...

— Լեռնացին այդ տմարդությունը քեզանից սովորեց, Մամիկոնյան տեր։ Նա որ գողի նման մտնում է յուր քրոջ անպաշտպան ամրոցը, և հափշտակում է նրան յուր անմատչելի ննջարանից, նա իրավունք չունի խոսք խոսելու մարդավարության մասին...

Մամիկոնյան իշխանը խոսք չգտավ պատասխանելու. յուր փեսայի լուտանքները նետի նման ցցվեցան նրա սրտում։ Նա դարձավ դեպի բերդապահ պարսիկ զորքը, հրամայեց, որ պաշտպան են բերդը։

Իսկ Գարեգին Ռշտունին հրամայեց յուր լեռնականներին՝ հարձակում գործել բերդի վրա։

Հայոց երկիրը, յուր լեռնային և քարքարոտ դիրքի համեմատ, յուր զորքերի թվում ստեղծել էր առանձին գունդեր, որ կոչվում էին «քարագնացներ»: Դրանք վարժված էին անհնարին ապառաժների վրա մագլցել, այդ պատճառով դրանց գործ էին ածում բերդերի և ամրոցների գրավման համար, որոնք Հայաստանում ըստ մեծի մասին շինված էին բարձր և անմատչելի ժայռերի գագաթին։

Բայց Ռշտունյաց և Մոկաց լեռնականները, քարերի հետ ապրելով և քարերի հետ սնվելով, երեխայությունից ի վեր սովորած էին մողեսի նման վազել ապառաժների վրա։ Դրանք պատրաստի «քարագնացներ» էին։ Իսկ այժմ նրանց առջև ներկայանում էր մի