Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/289

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դեպի նրա կողմը։ Վերևից սկսեցին պարսատիկներով քարե գնդակներ նետել։ Գնդակները դիպչում էին նրա թանձր կազմվածքին և ոստոստելով մի կողմ էին ընկնում։ Հրեշը ոչինչ չէր զգում, այլ որպես մի խուլ զարհուրանք շարունակում էր յուր ուղին։ Դա սոսկալի «փիլիկվանն» էր,— բերդերի և ամրոցների հիմքը փորող հսկա խլուրդը։

Միջնաբերդը, որ երեք կողմից բարձրաբերձ, ուղղաձիգ և ան- մատչելի դիրք ուներ, այդ կողմից միայն նրա ապառաժային կողքը փոքր-ինչ թեքված էր և այդ պատճառով ամրացրել էին հաստահիմն պարիսպներով և աշտարակներով։

Հրեշը մոտեցավ և, յուր ահարկու գլուխը հպարտությամբ վեր բարձրացնելով, հենվեցավ պարսպի վրա, որպես փափուկ բարձի վրա։ Նրա կազմվածքի գաղտնածածուկ խորշերում թաքնված էին բազմաթիվ մարդիկ, որոնք զինված էին բահերով, բրիչներով և մուրճերով։ Սկսեցին փորել պարսպի հիմքը։ Կրակը միայն կարող էր ազատել բերդը այդ վիթխարի թշնամուց։ Վերևից սկսեցին հրային գնդակներ նետել։ Նա ոչինչ չէր զգում։ Նրա տախտակամածը պատած էր թանձր թաղիքներով, որ թրջված էին ջրով։ Հրային գնդակները ընկնում էին նրա վրա, թշշում էին և իսկույն հանգչում էին, թողնելով օդի մեջ անախորժ խանձահոտություն։

Հրեշի ներքո պատսպարված մարդիկ շարունակում էին եռանդով փորել պարսպի հաստահիմն ստորոտը։ Արդեն բացվել էր մի մեծ ծակ, բայց ծակի առաջը փակում էր պարսպի ետևի ապառաժը։ Երկար բրիչներն ու մուրճերը մաքառում էին այդ ժայռի հետ, բայց արդյունավոր հետևանքի չէին հասնում։ Մտածեցին բարձրացնել քանդակի լայնությունը դեպի Վեր, գուցե կարելի լիՆեր ազատվել ապառաժից։

Այդ գործողության միջոցին վերևից նայում էր Մամիկոնյան իշխանը։ Նրա սառն դեմքը արտահայտում էր և տխրություն, և ծիծաղ։ «Հիմարնե՜ր,— մտածում էր նա,— ի՞Նչ պիտի շահեք, եթե խորտակելու լինեք այդ պարիսպը...»։ Եվ, իրավ, ոչինչ չպիտի շահեին, որովհետև, տիրելով այդ պարսպին, նրանց առջև դուրս կգար երկրորդը, երրորդը... որոնք կարգ-կարգ և աստիճան առ աստիճան բարձրանում էին միմյանց ետևից, որքան բարձրանում էր քարաբլուրը, որի գագաթին կանգնած էր հզոր միջնաբերդը։

Բայց իշխանին տանջում էր այն միտքը, թե լեռնականները այդ պատրաստությունները չէին կարող ունենալ. անտարակույս, նրանք վեր էին առել քաղաքից, ուրեմն, նրանք կատարելապես