Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/291

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լքված պարսիկներից, որոնց վրա մեծ հույս ուներ։ Նա վարջին անգամ յուր վշտալի հայացքը դարձրեց դեպի մոխիր դարձած քաղաքը, ուր ապրել էին, ուր իշխել էին նրա նախնիքը, և, օգուտ քաղելով ընդհանուր խռովությունից, յուր թիկնապահների փոքրիկ խումբով դուրս եկավ քաղաքից և անհայտացավ վաղորդյան մթության մեջ․․․

Իսկ այժմ վաղորդյան մթությունը բոլորովին չքացել էր, տեղի տալով նախաարփյան ախորժելի լուսավորության։ Արշալույսը սկսել էր շառագունիլ, ներկելով հորիզոնը ոսկերանգ ծիրանիներով։ Շատ չանցավ, արևի առաջին արյունագույն ճառագայթները հանդիպեցան մի արյունոտ գործի...

Առաջին պարսպի քանդակը այն աստիճան լայնացել էր, որ լեռնականները ներս էին մտել և այժմ սկսել էին փորել երկրորդ պարսպի ստորոտը։ Հրեշը մնացել էր դրսում, նա յուր վիթխարի մարմնով այդ բացված քանդակից անցնել չէր կարող։ Միջնաբերդից համարյա ընդդիմադրություն չէին գործում ։ Պարսիկները այժմ իրանց փրկությունը միայն անձնատուր լինելու մեջ էին գտնում, թեև պաշտպանվելու ամեն միջոցներ ունեին։ Մամիկոնյան իշխանը, վաղուց հասկացած Լինելով այն ճշմարտությունը, թե վտանգի ժամանակ պարսիկ զինվորի վրա հույս չի կարելի դնել,— նրանց թողել էր իրանց կամքին։

Մյուս կողմից, «քարագնացները» մեծ հառաջադիմություն էին գործել։ Նրանցից մեկը արդեն մագլցելով հասել էր մինչև բերդի մուտքը, և յուր դաշույնի ծայրը ցցել էր երկաթապատ դռան վրա։

— Բա՛ց արեք,— աղաղակում էր նա,— եթե չեք ցանկանում, որ իմ հազարավոր ընկերների դաշույնները այսպես ցցվեն ծեր սրտում։

Դռները բացվեցան։ Վերևում բարձրացրին անձնատուր լինելու նշանը։ Իսկ ներքևում տիրեց ընդհանուր ցնծություն բոլոր լեռնականների մեջ։

Այժմ Ռշտունյաց նահապետը, շրջապատված յուր ավադներով, հանդիսավոր կերպով մոտեցավ բերդի ստորոտին։ Նույն միջոցին վերևից ցած իջավ բերդապահների պարսիկ գլխավորը և, առաջարկելով նրան բերդի բանալիները, ասաց.

— Հաղթված Մերուժանի բերդը հանձնում եմ հաղթողների ամենափառավորյալին։ Ընդունիր այդ բանալիները, Ռշտունյաց տե՛ր։ Այժմ թե նվաստիս, թե իմ հրամանի ներքո գտնված բեր