Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/294

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երբեմն կանգնում էր և երկրպագություն էր տալիս, երբեմն նստում էր բազմոցի վրա և խորին ուշադրությամբ լսում էր։ Նա ներկայացնում էր մի մարմնացած ջերմեռանդություն, որ հոգվով և սրտով հափշտակված էր սուրբ պատարագի արարողություններով։

Ոչ մի ժամանակ նրա կրոնական զգացմունքները այնքան վառված չէին եղել, և ոչ մի ժամանակ նա յուր աղերսն ու պաղատանքը այնպես սրտագին փափագներով չէր մատուցել սուրբ սեղանի առջև, որպես այսօր։ Տխո՜ւր էր նա, որպես մի սգավոր, և ջերմ արտասուքը հեղեղի նման թանում էր նրա վշտալի դեմքը։

Դա Վասպուրականի տիկինն էր — Մերուժանի մայրը։

Մատուռը, որի մեջ առանձնացած էր նա, Արծրունիների տոհմային աղոթարանն էր։ Արծրունիները, կառուցանելով Մայր եկեղեցին, այդ մատուռը հատկացրին իշխանական տանը։

Նա վեր կացավ, երբ սուրբ խորհուրդը ավարտվելուց հետո ներս մտավ պատարագիչ քահանան և մատույց նրան սուրբ սեղանի նշխարքը։ Նա ընդունեց, համբուրելով տեր հոր աջը։ Այժմ նրա վշտահար դեմքը և այն հեզ աչքերը, որոնց մեջ փայլում էր անհուն բարություն, ստացան ավելի խաղաղ և ավելի մխիթարական արտահայտություն, որ միայն պատկառանք էին ազդում։ Այդ հարգելի անձնավորությունը միացնում էր յուր մեջ բարձր ազնվականի բարձր հատկությունները բարեպաշտ քրիստոնյայի առաքինությունների հետ։

— Ինչպե՞ս է, տեր հայր, քո դստեր առողջությունը,— հարցրեց նա,— ինձ ասացին, որ շատ հիվանդ է։

— Այժմ բավական լավ է, տիկին,— պատասխանեց քահանան։— Վտանգը անցավ։ Իմ դուստրը յուր կյանքով պարտական է քեզ, տիկին։ Եթե Դրան բժիշկը այնպես շուտ ուղարկած չլինեիր, գուցե ես կզրկվեի իմ միակ զավակից։ Աստված քեզ երկար կյանք տա, տիկին, որ այլոց կյանքի համար այդքան հոգ ես տանում։

— Այդ իմ պարտավորությունն է, տեր հայր, բոլորը իմ զավակներն են,— ասաց նա։— Ցավում եմ, որ այս օրերում այնքան զբաղված պետք է լինեմ, որ չպիտի կարողանամ անձամբ այցելել հիվանդին։

— Նա շատ կուրախանա, տիկին։ Քո բարի ոտքը բոլորովին կփարատե նրա ցավերը։

Քահանան հեռացավ․ երբ ներս մտան երկու նաժիշտներ, որոնք սպասում էին մատուռի նախագավիթում։ Նրանք, բռնելով