Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/298

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հանդիպի,— նա շտապեց կես ճանապարհից հառաջագույն մի մարդ ուղարկել յուր մոր մոտ, որպեսզի նախապատրաստվի որդուն ընդունելու։ Այստեղ, յուր տան մեջ, դիտավորություն ուներ փոքր-ինչ դադար առնել, հանգստանալ մինչև կհասնեին պարսկական նոր զորքերը, որոնց մեծ անհամբերությամբ սպասում էր նա։

— Ես հրամայել Էի՝ ինձ մոտ կանչել քաղաքապետին,— ասաց տիկինը։— Ցանկանում էի իմանալ, արդյոք ի՞նչ կարգադրություններ է արել նա։

— Նա այստեղ է, — պատասխանեց հարսը։— Դեռ դու եկեղեցուց չէիր վերադարձել, նա շատ վաղ եկել, սպասում էր։ Ի՞նչ կարգադրություններ պետք է աներ նա։

Հարցը մնաց առանց պատասխանի։ Այդ միջոցին ներս վազեց մի ուրախ, վառվռուն օրիորդ, որը, անդադար յուր վրա նայելով, մոտեցավ, կանգնեց տիկնոջ առջև և, յուր լի բերկրությամբ աչքերը դարձրեց դեպի նա, հարցրեց.

— Նայի՛ր։, մայրիկ, այդ հագուստով լա՞վ է։

Դա Մերուժանի քույրն էր, զարդարվել էր, պատրաստվել էր եղբորը հանդիպելու համար։ Տան մեջ ամենքը տխուր էին, նա միայն ուրախ էր։ Մայրը նայեց նրա վրա, աչքերը լցվեցան արտասուքով։ Նա խոսք չգտավ պատասխանելու յուր դստերը։ Ի՞նչ ասեր, իեչպե՞ս վշտացներ նրա մեջ այն ջերմ սերը, որ ուներ նա դեպի եղբայրը։ Կարո՞ղ էր բացատրել նրան, թե կյանքի մեջ կան այնպիսի հանգամանքներ, որ բաժանում են քրոջը եղբորից՝ մորը՝ որդուց։ Օրիորդը թեև մեծ աղջիկ էր, բայց այդ մասին շատ փոքր հասկացողություն ուներ։ Նա լսել էր շատ բան, նրան ասել էին բոլորը, բայց դեռ նա սիրում էր եղբորը: Դա այն աղջիկն էր, որին Սամվելի մայրը նշանել էր յուր որդու համար, չնայելով, որ Սամվելի սիրտը պատկանում էր Ռշտունյաց օրիորդին — Աշխենին։

Շավասպուհին,— այսպես էր նրա անունը,— նկատելով մոջ տխրամած դեմքը, ընկավ նրա ծնկների վրա և, նրա դողդոջուն ձեռքերը սեղմելով յուր բոցավառ շրթունքների վրա, բացականչեց.

— Մայրի՜կ, սիրելի՜ մայրիկ, ինչո՞ւ ես լաց լինում, եթե դու լաց լինես, ես էլ լաց կլինեմ...

— Մենք էլ լաց կլինենք,— ձայն տվեցին երկու երեխաները, որոնք ապշած կերպով նայում էին այդ սրտաշարժ տեսարանի վրա:

Երեխաների մայրը առեց նրանց և այրված սրտով դուրս եկավ դահլիճից։