Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/299

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տիկինը համբուրեց յուր դստերը, փայփայելով վեր բարձրացրեց, և ասաց նրան.

— Գնա՛, սիրելի զավակս, ասա՛, որ քաղաքապետին իմ մոտ կանչեն։ Ես նրա հետ շատ կարևոր խոսելիքներ ունեմ։ Պատվիրի՛ր սպասավորներին, որ ոչ ոքի չեմ ընդունում։ Իսկ եթե տեր հայրը գալու լինի, նրան իմ մոտ թողնեն։

Օրիորդը կրկին անգամ համբուրեց մոր ձեռքերը և հեռացավ։

Դահլիճում մնաց միայն տիկինը։ Ոչ մի ժամանակ նրա պայծառ խելքը այնպես մռայլված չէր եղել, որպես այս առավոտ։ Ոչ մի ժամանակ նա այնպես անճարացած և այնպես կաշկանդված չէր եղել անհնարին դժվարությունների մեջ, որպես այս առավոտ։ Որքան մտածում էր, մի որևէ ելք չէր գտնում։ Մոր զգացմունքները մաքառում էին նրա մեջ։ Ինչպե՞ս ընդունել որդուն — մոլորյալ որդուն, բայց և — սիրելի որդուն։ Դիցուք թե ինքն հանձն առներ հաշտվել նրա հետ այն հուսով, որ յուր ազդեցությամբ կարող կլիներ ուղղել նրան, դարձնել նրան չար ճանապարհից։ Բայց կարո՞ղ էր հաշտվել նրա հետ ժողովուրդը։ Նա՛, որ հայտնի պատերազմ էր սկսել ժողովրդի դեմ կամ հնազանդեցնելու նրան յուր չար կամքին և կամ սրի ճարակ տալու նրան,— կարո՞ղ էր հաշտվել նրա հետ ժողովուրդը։ Այդ դա՜ռն, այդ ցավալի մտքերն էին ալեկոծում նրան, երբ ներս մտավ քաղաքապետը և, հեռվից մի քանի անգամ գլուխ տալով, մոտեցավ, և լուռ, շվարյալ դեմքով կանգնեց տիկնոջ բազմոցի մոտ։

Չնայելով տիկնոջ մի քանի անգամ կրկնած խնդիրքին, որ նստե, և չնայելով յուր հասակին, այդ զառամյալ ծերունին դարձյալ կանգնած մնաց ոտքի վրա, պահպանելով ավանդական մեծարանքը դեպի հարգելի տիկինը։

— Ի՞նչ արեցիր, Գուրգեն,— հարցրեց տիկինը։

— Ամեն ինչ կարգադրված է, տիկին,— պատասխանեց ծերունին տխուր ձայնով։— Ամեն ինչ այնպես կկատարվի, որպես դու հրամայեցիր։

նա սկսեց մի առ մի պատմել, թե ընդունելությունը ի՛նչ կերպով կկատարվի, կամ ի՛նչ կարգադրություններ են եղած։

— Դու կարծում ես, Գուրգեն, որ անկարգություններ չե՞ն պատահի,— հարցրեց տիկինը, դեռևս ոչ բոլորովին հանգստանալով ծերունու տված տեղեկություններով։

— Ես ո՛չ միայն կարծում եմ, այլ հավատացած եմ, տիկին, որ ոչ մի անկարգություն չի պատահի։ Իրավ է, մեր քաղաքացիք