Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձեռքում դարձել էին մի սոսկալի զենք, ոչնչացնելու ամեն ինչ, որ սուրբ էր, որ նվիրական էր Հայաստանում.․․

Այդ սարսափեցնում էր երիտասարդին և միևնույն ժամանակ նրա սիրտը լցնում էր մի անբացատրելի կատաղությամբ։— «Մոգերով ու մոգպետներով է գալիս իմ հայրը...» — մտածում էր նա խորին դառնությամբ,— «և յուր հետ բերում է, որպես օգնական, պարսից զորությունը... գալիս է ոչնչացնելու մեր եկեղեցիները, մեր դպրոցները, մեր դպրությունը... գալիս է պարսկացնելու մեզ․․․ նա գալիս է ձեռք-ձեռքի տված Մերուժանի հետ... Թագավորությունը սպանեցին, այժմ պետք է սպանեն ազգությունը, կրոնը... Մենք այսուհետև պետք է պարսկերեն խոսենք և պարսկերեն աղոթենք... Եվ իմ հայրը մի այդպիսի եղեռնագործության պետք է մասնակից լինի, հավիտենական, նզովք դնելով Մամիկոնյանների տոհմի վրա...»։

Նրա վարդագույն շրթունքները բոլորովին գունաթափվեցան, ծնկները դողացին, աչքերի առջև մթնեց և հազիվհազ կարողացավ իրան հասցնել գահավորակի վրա և ծանրացած գլուխը բաց թողնել բարձերի վրա։ Երկար նա, երկու ձեռքով գլուխը բռնած, գտնվում էր մի տեսակ տենդային շփոթության, մի տեսակ հիվանդոտ այլայլության մեջ։ Մթին մառախուղի նման անորոշ մտքեր պտտվում էին նրա բորբոքված երևակայության մեջ։ Հանկարծ ցնցվեցավ նա և կրկին վեր թռավ պառկած տեղից, ինքն իրան խոսելով.

«Մամիկոնյանը ծնում է դավաճաններ... Մամիկոնյանը ծնում է և հերոսներ... Երբ իմ հորեղբայր Վարդանը արքայազն Տիրիթի հետ ապստամբվեցան մեր Արշակ թագավորի դեմ և դիմեցին պարսից Շապուհ արքային,— դարձյալ իմ հորեղբայր Վասակն էր, որ գնաց նրանց ետևից և, ճանապարհին բռնելով, սպանեց թե Տիրիթին, և թե յուր եղբորը... Նրա ձեռքը չդողաց թափել յուր հարազատի արյունը, որ դավաճանում էր յուր թագավորին և յուր հայրենիքին... Իսկ ե՞ս...»։

Վերջին խոսքը արտասանելու միջոցին, կարծես նրա շրթունքները կրակով այրեցին, նա չկարողացավ վերջացնել, կրկին ընկավ գահավորակի վրա և, աչքերը բռնելով, սկսեց դառն կերպով հեկեկալ։ — «Ա՜խ, հայր իմ... ա՜խ հայր իմ...» — կրկնում էր նա և արտասուքը հեղեղի նման թափվում էր աչքերից։

Նա սիրում էր յուր հորը, սիրում էր որդիական ջերմ, անկեղծ սիրով։ Բայց սիրում էր և յուր հայրենիքը։ Նրա կրթությունը այնպիսի