Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

արքայի ձեռքում մի անարգ գործիք դարձավ միայն նրա քո՛ւյրը ստանալու համար․․․ Ինձ ասում էին, որ նա սիրահարված է Շապուհի քրոջ վրա, բայց ես չէի հավատում․․․ Այո՛, ես չէի հավատում, որ նա այն աստիճան անհավատարիմ կգտնվի դեպի յուր երկու զավակների մայրը, որ երկրորդ կին կբերե Արծրունյաց տան մեջ․․․ Ի՞նչ կլինի իմ դրությունը այնուհետև․․․ Ես պետք է պարսից արքայադստեր աղախինը դառնամ և նրա մաշիկները շիտկեմ․․․ Իսկ գեղեցիկ Որմիզդուխտը կլինի ո՛չ միայն Վասպուրականի Տիկնանց Տիկինը, այլ ամբողջ Հայաստանի թագուհին․․․ Իսկ ե՞ս... Ո՛չ, ո՛չ չա՜րժե մեռնել նրա համար․․․ իսկ նա՛ ի՞նձ համար—արդեն մեռա՜ծ է․․․»։

Նստեց բազմոցի վրա, երկու ձեռքով ծածկեց երեսը, և կրկին ջերմ արտասուքը սկսեց հեղեղի նման թափվիլ նրա աչքերից։ «Ա՜խ, Մերուժա՛ն, Մերուժա՛ն․․․»— հառաչում էր նա, և դողդոջուն ձայնը խեղդվում էր դառն հեկեկանքների մեջ։

Մի քանի անգամ բախեցին սենյակի դուռը։ Վերջապես լսեց նա, վեր կացավ, սրբեց աչքերը և տհաճությամբ մոտեցավ, բաց արավ դուռը։ ներս մտավ աղախիններից մեկը։

— Ամենքը պատրաստվում են, տիկին,— ասաց նա,— չե՞ս հրամայում՝ հագցնել քեզ։

— Մտիր հանդերձատունը, Սիրանույշ, և դուրս բեր իմ սև զգեստները,— հրամայեց նա։

— Ինչո՞ւ սև, տիկին։

— Այսօր սո՜ւգի օր է, Սիրանույշ,— պատասխանեց նա վշտալի ձայնով․․․


Կեսօրից չորս ժամ անցել էր։

Մի խումբ ձիավորներ, փոշու ամպերի մեջ կորած, ամենայն արագությամբ արշավում էին Արևբանոսից դեպի Հադամակերտ տանող ճանապարհով։ Որքան մոտենում էին քաղաքին, այնքան ավելի փութացնում էին իրանց երիվարների ընթացքը։ Նրանց թիվը շատ չէր․ մեկը ձիավարում էր ամենից առաջ, որ ձեռքում տանում էր մի կարմիր դրոշակ, նրա ետևից գնում էր մի սպիտակ ձիավոր, որ բոլորի գլխավորն էր երևում, իսկ հետո ինը ձիավորներ, ընդամենը տասնևմեկ հոգի։

Այդ գնում էր Մերուժան Արծրունին, գնում էր դեպի յուր նախահարց Ոստանը — իշխանական մայրաքաղաքը — Հադամակերտ։