Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այն կենդանի ճանապարհը, որով անցնում էր նրա ասպախումբը և որը ամբողջ օրը լցված էր լինում երթևեկների ուրախ բազմությամբ, այժմ բոլորովին դատարկ էր։ Ոչ ոք չէր երևում։ Այդ շատ զարմացնում էր Մերուժանին։ նա անհանգիստ կերպով աչք էր ածում յուր շուրջը։ Չէր փայլում հնձավորի մանգաղը, որ օրվա այդ զովաբեր ժամուն ավելի եռանդով էր գործում․ չէր լսվում հերկավարի երգը, որ կենդանացնում էր գեղեցիկ շրջակայքը, և անհոգ հովվի սրինգն անգամ լռել էր, ոչ ինքն էր երևում և ոչ յուր խաշինները։ Նրան այնպես էր թվում, որ անցնում է անապատների միջով, ուր կյանքն ու գործունեությունը վաղուց արդեն դադարել էին։

Բայց նա այլ բան էր սպասում․․․

Նա սպասում էր, որ յուր քաղաքացիք խուռն բազմությամբ կդիմավորեն իրան, այդ ճանապարհի աջ և ահյակ կողմերը ծածկված կլինեն արանց և կանանց խումբերով, և բազմությունը ցնծության աղաղակներով ու նվագարանների հնչյուններով կտանե նրան մինչև յուր իշխանական ապարանքը։ Բայց ոչ ոք չհայտնվեցավ։ Մինչև անգամ յուր տոհմայիններից ոչ ոք չդիմավորեց նրան։ Միթե յուր գալուստը հայտնի չէ՞ր նրանց։ Այդ մասին մի օր առաջ իմացում էր տվել յուր մորը։ Ուրեմն ի՞նչ էր նշանակում այդ ընդհանուր բացակայությունը մարդիկների,— ա՛յդ անապատը։

Այդ միտքը վրդովեցնում էր նրան և լցնում էր նրա ալեծուփ սիրտը մի խուլ տարակուսանքով, որ հետզհետե կասկածի կերպարանք էր ստանում։ Ետ դառնալ՝ թույլ չէր տալիս նրա անսահման անձնասիրությունը, իսկ առաջ գնալու համար՝ ոչինչ բարիք չէր սպասում։ Գուցե կհանդիպեր յուր քաղաքացիների ապստամբությանը, գուցե զենքերը ձեռքում կդիմավորեին նրան․․․ «Ինչ էլ որ պատահելու լինի, փո՜ւյթ չէ»— մտածեց նա խորին սրտմտությամբ և վճռեց առաջ գնալ։

Վերջապես հասավ նա քաղաքադռներին։ Նայեց դռան ճակատին և սոսկաց։ Այդ հոյակապ դուռը, որի բարձր կամարները ամեն մի հանդիսավոր մուտքի ժամանակ զարդարած էին լինում ծաղիկներով ու պսակներով,— այժմ ներկայացնում էր մի տխուր տեսարան։ Դռան ճակատը պատած էր սև պաստառներով, իսկ վերեվում փողփողում էին երկու սև դրոշակներ։ Այդպես անում էին միայն այն ժամանակ, երբ երկրի իշխանի դագաղն էին ներս տանում։ Իսկ այժմ ո՞վ էր մեռյալը․․․ ո՞ւմ համար էր այդ սգավորությունը․․․