Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/306

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ժում է և իմ տունը, և իմ ընտանիքը․․․»— մտածեց նա խորին, սրտատոչոր դառնությամբ։

Այստեղ ևս նույն տխուր, նույն հուսահատական տեսարանը ներկայացավ նրա առջև։ Իշխանական հոյակապ դռան փառավոր կամարները պատած էին սև պաստառներով, իսկ նրա աջ և ահյակ կողմերում փողփողում էին երկու սև դրոշակներ։

Անհնարին խռովության մեջ կանգնած էր նա հայրենական տան մուտքի առջև և չգիտեր ի՛նչ անել։ Այդ ահարկու մարդը, որի համար աշխարհում ոչինչ դժվարություններ, ոչինչ արգելքներ չկային, այժմ գտնվում էր բոլորովին անել և հուսակտուր դրության մեջ։ Մտածեց ետ դառնալ։ Բայց ինչպե՞ս ետ դառնալ։ Ամոթը և նախատինքը խեղդում էին նրան։ Մտածեց բախել դուռը։ Իսկ եթե բաց չանեի՞ն։ Եվ անպատճառ բաց չէին անի։ Այդ աստիճան արհամարհանք, այդ աստիճան զզվանք նա չէր սպասում մորից և, մանավանդ, յուր կնոջից։ Նրան, որպես անառակ որդու, թողնում էին դրսում։ Դա մի ծա՜նր ապտակ էր նրա երեսին․ դա մի դա՜ռն պատիժ էր նրա համար․․․ Այդ բոլոր հանդերձանքը, այդ բոլոր ցույցերը ուղղակի ասում էին նրան․ «Դո՛ւ արժանի չես ոտք դնելու հայրենական տան շեմքի վրա․․․ «Ուրացողի» ոտքերը կպղծե՜ն նրան․․․»։

Նրա մարդիկն ևս գտնվում էին բոլորովին շվարյալ դրության մեջ․ ոչ ոք նրանցից չէր համարձակվում մի բան ասել։

Դռան բարձրության վրա կար մի սյունազարդ վերնահարկ, բաց երեսով, որ պատշգամբի ձև ուներ։ Առջևից ծածկված էր վարագույրներով։ Վարագույրները ետ գնացին, վերևում հայտնվեցավ մայրը։ Տառապյալ կինը հազիվհազ կարողանում էր իրան ոտքի վրա պահել։ Նրա ձախ թևքից բռնել էր աղջիկը՝ Մերուժանի քույրը, իսկ աջ թևքից բռնել էր հարսը՝ Մերուժանի ամուսինը։ Վերջինի առջևում կանգնած էին Մերուժանի երկու գավակները։ Դրանց ետևում կարգով կանգնած էր իշխանական ամբողջ ընտանիքը։ Ամենքը սգավորի հագուստով, ամենքը արտասվալի աչքերով։ Տեսնելով նրանց, Մերուժանը ամբողջ մարմնով դողաց։

— Մա՛յր,— խոսեց նա խռովյալ ձայնով,— իմ քաղաքացիքը ինձանից երես դարձրին, այժմ իմ հայրենական տո՞ւնն էլ յուր դռները փակում է իմ առջև․․․

— Այո՛, Մերուժա՜ն,— պատասխանեց վերևից մայրը դառնացած կերպով․— քո հայրենական տունը յուր դռները փակում է քո առջև, որովհետև դու քո սրտի դռները փակեցիր թե աստուծո,