Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/308

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սրտի խորքը։ Նրանից չէին հեռանում կնոջ թախծալի դեմքը և սիրելի զավակների անմեղ ժպիտը, որոնք, տեսնելով հորը յուր տան վերնահարկի բարձրությունից, կամենում էին ծտի նման թռչել և թևատարած նրա գիրկն ընկնել։ Դեռ նրա առջևն էր սգազգեստ քաղաքը յուր բոլոր տխուր և սպանիչ երևույթներով։

Ի՞նչ էր այդ։ Յուր սրտին այնքան մոտ պատկերները, յուր համար այնքան թանկագին էակները այժմ, մթին ու մռայլ ուրվականների նման, հետևում էին նրան, հալածում էին նրան և ամենևին դադար ու հանգստություն չէին տալիս։

Այնտե՛ղ, հայրենական խաղաղ օջախի մոտ, ուր հույս ուներ նա մխիթարություն գտնել, այնտե՛ղ, յուր ընտանիքի ջերմ գրկում, ուր փափագում էր նա վայելել մոր օրհնությունը, կնոջ գգվանքը և յուր զավակների սերը,— այնտեղից մերժվեցավ նա, այնտեղից արտաքսվեցավ նա, որպես մի անառակ, որպես մի մոլորյալ որդի։

Կրքերի սաստիկ մաքառումը կատաղության չափ վրդովեցնում էր նրան։ Վասպուրականի տերն ու իշխանը այժմ նույն երկրի ապօրինի զավակն էր։ Նա, որ նայում էր այդ ընդարձակ աշխարհի վրա որպես մի մոմի կտորի վրա, համոզված լինելով, որ նրան ամեն ձև և ամեն կերպարանք կարող էր տալ, — այժմ նույն աշխարհից մերժվեցավ։ Այո, մերժվեցավ, կորցնելով յուր նախնիքներից ստացած մեծ ժառանգությունը։ Այն, որ թշնամու ահագին զորությունները չէին կարող խլել նրանից,— խլեց մոր մի քանի խոսքը...

Ի՞նչ էր այդ։— Այդ հարցը նա անդադար տալիս էր իրան, և նրա վրդովմունքը ավելի և ավելի սաստկանում էր։

Յուր խռովության մեջ, դուրս գալով քաղաքից, ամենևին նկատել չկարողացավ նա, որ ինքը միայնակ է։ Բավական հեռացել էր, երբ ետ նայեց, տեսավ, որ յուր թիկնապահներն յուր հետ չեն։ «Նրա՜նք ևս թողեցին ինձ»...— մտածեց նա, և մի դառն ծիծաղ անցավ զայրացած դեմքի վրա։

Նրա թիկնապահները հադամակերտցիք էին։ Հայրենի քաղաքի տխուր տպավորությունների ներքո, որոնք այնքան սաստիկ ազդեցին նրանց սրտերի վրա, նրանք մոռացան իրանց իշխանին։ Մյուս կողմից, երկար տարիների բացակայությունը և ընտանիքի կարոտությունը ձգեց նրանց դեպի իրանց տները։

Արեգակը վաղուց արդեն մայր էր մտել, երեկոյան թանձր խավարը պատել էր շրջակայքը։ Մերուժանը այժմ միայն զգաց բոլորովին լքյալ դրությունը։ «Ո՞ւր գնամ․․․» — այդ միտքը սկսեց