Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/309

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տանջել նրան։ Երկրի տերը յուր երկրռւմ մի անկյուն չէր գտնում գլուխը դնելու...

Սաստիկ հոգնած էր նա։ Վանա դժբախտ անցքերից հետո, ամբողջ երեք օր ճանապարհի վրա էր, առանց մի տեղ դադար առնելու։ Բացի դրանից, հոգեկան ծանր տանջանքները բոլորովին վաստակաբեկ էին արել նրան։ Որոնում էր մի տեղ փոքր-ինչ հանգստանալու։ Գյուղերը մտնել չէր կարող գյուղացոց կոպտությանը չհանդիպելու համար։ Ո՞ր գնար։ Ամեն տեղ գիտեին նրա մասին, ամեն տեղից հալածված էր նա։ Այդ բոլորը անցնում էր նրա մտքով, և նա, առանց մի որևէ որոշման հասնելու, շարունակում էր քշել յուր ձին, թեև չգիտեր, թե ուր է գնում։ Հոգնած էր և ձին, որ դժվարությամբ էր փոխում քայլերը։

Հոգնածության հետ սկսեց տանջել նրան և քաղցը։ Ամբողջ օրը ոչինչ չէր կերել։ նա, իբրև պատերազմական մարդ, սովոր էր բացօթյա կյանքին, կարող էր մի ժայռի, մի ծառի ներքո գլուխը դնել և հանգստանալ։ Բայց ի՞նչ անել քաղցի հետ։ Բնությունը իրանը պահանջում էր։ Մյուս կողմից, մի խուլ կասկած ալեկոծում էր նրան։ Այդ վերին աստիճանի աներկյուղ և անձնավստահ մարդը սկսել էր տատնվիլ։ «Իսկ եթե հետամուտ լինեն ինձ...— մտածում էր նա։ Յուր քաղաքում մոր երկյուղից ոչ ոք չհամարձակվեցավ նրա վրա քար նետել։ Մայրը, իհարկե, ամենախիստ պատվեր տված կլիներ այդ մասին։ Բայց ո՞վ էր արգելում մի քանի ստահակների՝ գաղտնի դուրս գալ քաղաքից և նրա ետևից ընկնել։ Նա կյանքից երկյուղ չուներ, բայց կյանքը նրա նպատակների համար հարկավոր էր։ Այդ մտքով շուռ տվեց յուր ձիու գլուխը և դուրս եկավ ուղիղ ճանապարհից։

Դուրս գալով ուղիղ ճանապարհից, դիտավորություն ուներ՝ խոտորնակի շավիղներով հասնել մի ամայի տեղ, փոքր-ինչ հանգստանալ ու ձիուն հանգստացնել և ապա շարունակել յուր ուղին։ Նա աշխատում էր չկորցնել գիշերային խավարը, այլ մթնով դուրս գալ յուր իշխանության սահմանից, որը արևելյան կողմից շատ հեռու չէր։ Այստեղ ամեն ոք կարող էր ճանաչել նրան, այստեղ նա վտանգի մեջ էր։

Երկար ձիավարում էր, բայց տակավին մշակության դաշտերի և անդաստանների միշից չէր դուրս եկել։ Մշակությունը նշան էր մարդու ներկայության, որից խորշում էր նա։ Որոնում էր անապատ, ամայություն։ Տեղորայքը որքան և ծանոթ էին նրան, այ