Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/310

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նուամենայնիվ, տիրող խավարը արգելում էր որոշել, թե ո’րտեղ է գտնվում։ Նա ՛անցնում էր անգիտակցության և տարակուսանքների միջով։ Վերջապես դուրս եկավ մշակված դաշտերից։ Այժմ նրա առջև տարածվում էին խոտավետ մարգագետիններ։ Այդ արդեն նշան էր, որ մոտենում է լեռների ստորոտներին։

Մի քանի անգամ նրա ականջներին զարկեց շան հաչելու ձայն։ Ոչինչ ձայն չէր կորող նրան այնքան ախորժելի լինել, որպես այդ ձայնը։ Մտածեց, կամ հովիվների է մոտեցել, կամ որսորդների։ Թե առաջինները և թե վերջինները նրա համար անվնաս մարդիկ էին։ Ձիու գլուխը դարձրեց այն կողմը, որտեղից լսվում էր ձայնը։ Երբ բավական մոտեցավ, մեկ շան տեղ սկսեցին հաչել մի քանիսը։ Նա շարունակում էր գնալ, մինչև շները խմբով առաջ վազեցին և նրա ճանապարհը կտրեցին։ Անհնար էր ազատվել այդ գազաններից։ Նա յուր հետ մի այլ զենք չուներ, բացի դաշույնից։ Հասկացավ, որ հովիվների հանգրվանի է մոտեցել։ Բայց վիրավորել կամ սպանել հովվի շանը,— այդ նշանակում է՝ սպանել նրա եղբորը կամ լավ բարեկամին։ Այնուհետև պետք է գործ ունենալ ուղղակի հովվի հետ։ Նա միայն պաշտպանողական դիրք բռնեց։ Կատաղի գազանները ամեն կողմից շրջապատել էին նրան և ամենահանդուգն կերպով հարձակումներ էին գործում։ Անտարակույս պատառ-պատառ կանեին, եթե ձին չպաշտպաներ նրան։ Որ կողմից որ հարձակվում էին, քաջասիրտ անասունը իսկույն շուռ էր գալիս և աքացի էր տալիս։

Շների աղմուկից, նիզակը ձեռին, մոտ վազեց մի հովիվ, որը խավարի միջից հարցրեց.

— Ո՞վ ես, ի՞նչ գործ ունես այստեղ։

Նա պատասխանեց.

— Նախ հանգստացրո՛ւ շների՛դ, հետո կիմանաս, թե ես ով եմ։

— Իմ շները չեն հանգստանա, մինչև դու չասես, թե ով ես։

Նկատելով, որ կոպիտ հովվի հետ վիճելը բոլորովին ապարդյուն կլիներ, ասաց նա.

— Ես Որսիրանի սեպուհն եմ, որսորդությանս ժամանակ մութը վրա հասավ, մոլորվեցա և կորցրի իմ մարդիկներին։

Պատասխանը ոչ միայն գոհացուցիչ էր, այլ շատ փաղաքշական էր հովվի համար, որ Որսիրանի բարձրաստիճան սեպուհը, հանգամանքներից ստիպված, նրա տաղավարում գիշերային պատսպարան էր խնդրում։ Նա սաստեց, շները լռեցին։ Հետո մոտենալով բռնեց ձիու սանձից, ասաց.