Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/311

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Հետևիր ինձ, տե՛ր սեպուհ։

Շները նկատելով, որ իրենց մեծավորը որպիսի բարեսրտությամր վերաբերվեցավ դեպի նորեկը, իրանք ևս հանգստացան, և յուրաքանչյուրը գնաց յուր տեղը։

Տարաժամ հյուրին հովիվը տարավ յուր տաղավարը, որը այնքան հեռու չէր։ Իսկույն լապտերը վառեց և, տարածելով տաղավարի հատակի վրա մի թանձր թաղիք, խնդրեց նստել, իսկ ինքը մնաց ոտքի վրա՝ նրա սպասում։

— նստիր և դու, բարի հովիվ,— ասաց նրան Մերուժանրը, — մի ծածքի տակ հյուրը և հյուրընկալը պետք է հավասար բարձի վրա նստեն։ Հանգամանքները ինձ բերեցին քո տաղավարը, և ես շատ ուրախ եմ, որ լավ մարդու հանդիպեցա։

— Բայց ինձ պետք է նախ իմ հյուրի հանգստության մասին հոգալ, տե՛ր սեպուհ,— պատասխանեց Հովիվը, ոտքի վրա մնալով։— ճանապարհից եկած մարդը ուտելու պետք կունենա։

— Իզուր նեղություն մի՛ կրիր, — ասաց հյուրը։ — Ինչ որ աստված տվել է, ինչ որ պատրաստի կա, ես նրանով ևս կգոհանամ։ Քեղ մոտ, իհարկե, հաց կամ պանիր կգտնվի, իսկ եթե փոքր-ինչ մածուն ավելացնես, դա ինձ համար ամենապատվական ընթրիք կլինի։ Ես իրավ շատ քաղցած եմ։

Տաղավարը մի շարժական քառակուսի սենյակի նմանություն ուներ, որի ստորին մասը կազմված էր բարակ և կլորիկ ձողերից, որոնք միմյանց հետ կապված էին գույնզգույն դերձանների հյուսվածքով, որ զանազան նկարներ էին ձևացնում։ Իսկ ձեղունը պատած էր նույնպես գունավոր հաստ կապերտներով, որ տարածված էին գմբեթաձև առաստաղի վրա։ Դեպի ամեն կողմ նայելիս, աչքի էր զարկում մի առանձին շքեղություն, որ հասարակ հովվի կացարանի համար բավական շռայլ էր։ Այդ դրդեց Մերուժանին հարցնել.

— Ո՞ւմ հոտերն են արածում այստեղ։

— Տերունի են,— պատասխանեց հովիվը մի աոանձին ձայնով, որ արտահայտում էր նրա անմեղ հպարտությունը։

Մերուժանի դեմքի վրա անցավ մի թեթև շփոթություն, և նա երեսը իսկույն շուռ տվեց, որ հյուրընկալը չնկատե յուր խռովությունը։ «Տերունի՜ս», — մտածեց նա, և մնաց շվարած։ Նա գտնվում էր յուր սեփական հովիվների տաղավարում։ Հոտերը «տերունի» էին, այսինքն՝ պատկանում էին իշխանական տանը։ Հովիվը, ինչպես երևում էր, չէր ճանաչում յուր տիրոջը։ Բայց միթե չէ՞ր