Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/313

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վերաբերվել դեպի յուր իշխանը, թեև նրա մասին շատ սակավ բան գիտեր, բայը որքան էլ և գիտեր, յուր համար, սաստիկ անմխիթարական էին։

Մոտ վաթսուն տարեկան կլիներ Մանին, բայց տակավին պահպանել էր յուր երիտասարդական ժրությունը։ Վասպուրականի լեռների հովիվները դարերով են ապրում և հազիվ են ծերանում։ Խոշոր մարդ էր նա՝ դեմքի նույնպես խոշոր գծագրությամբ, որ արտահայտում էր անկեղծ և ամուր բնավորություն։ Աչքերի մեջ նշմարվում էր մի անբացատրելի թախծություն։

— Դու տեսե՞լ ես Մերուժանին,— հարցրեց ծպտյալ սեպուհը։

— Տեսել եմ, ինչպես չեմ տեսել,— պատասխանեց նա վշտալի ձայնով։— Բայց այն ժամանակ դեռ շատ երիտասարդ էր, ընչացքները դեռ նոր էին սկսել աճել։ Հետո գնաց Պարսկաստան, այնտեղ պարսից անօրեն թագավորը խելքից հանեց նրան․․․ Այնուհետև շատ ժամանակ է, որ չեմ տեսել։

— Այդ բոլոր հոտերը Մերուժանի՞ն են պատկանում։

— Բոլորը, տե՛ր իմ։ Երկնքի աստղերը թիվ և համբարք ունեն, բայտ նրա անասունները չունեն։ Այստեղ միայն արածում են նրա ոչխարների հոտերը. յուրաքանչյուր հոտը միագույն է և միատեսակ. սևը առանձին, ճերմակը առանձին և մյուս գույները իրանց կարգով։ Բայց անցի՛ր, տե՛ր սեպուհ, այդ լեռան մյուս կողմը, այնտեղ կտեսնես նրա այծերի հոտերը, դարձյալ յուրաքանչյուրը դասավորված իրանց գույների և բուրդերի համեմատ։ Մի փոքր հեռու գնա՛, տե՛ր սեպուհ, դեպի Երվանդունիք, այնտեղ կտեսնես նրա ձիաների, ջորիների և ավանակների երամակները և կհիանաս նրանց վրա նայելիս։ Այնտեղից անցի՛ր, տե՛ր սեպուհ, դեպի Անձևացյաց կողմերը, այնտեղ կտեսնես նրա արջառները, կովերի և եզների նախիրները։ Հետո գնա՛, տե՛ր սեպուհ, դեպի Տիգրիսի ջերմասուն ափունքը, դեպի Ջերմաձոր, այնտեղ ճահճային եղեգնաբույսերի մեջ արածում են նրա գոմեշների դեր nc պարարտ խումբերը։— Մի խոսքով, ինչո՞ւ իզուր գլուխդ ցավացնեմ, տե՛ր սեպուհ, սկսյալ Զարեվանդից մինչև Կորդիք և այնտեղից մինչև Վանա ծովակը, Մերուժանի անասուններն են արածում։ Ո՞վ ունի այդքան անչափ հարստություն, որքան նա ունի։ Աստված նրան ամեն կողմից լիացրել էր, աստված նրան շա՛տ էր տվել, բայց նա չիմացավ գոհացնել յուր աստծուն...

Վերջին խոսքերը արտասանելու միջոցին ծերունու ձայնը զգալի կերպով դողդողաց։