Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/315

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հեռու, վառվում էր կրակը, և նրա բոցափայլ լույսի միջից երևում էին մյուս հովիվները, որ բոլորել էին կրակի շուրջը։ Նրանցից ոմանք փայտյա չամփուրներով գառան միս էին խորովում, ոմանք երկաթյա կասկարայի վրա թաժա հաց էին թխում, բայց, միևնույն ժամանակ, չէին դադարում շատախոսել, ծիծաղել և զանազան դատողություններ անել իրենց որսիրանցի հյուրի մասին։

Որսիրանցիք հայտնի էին իրանց օտարոտի սովորություններով, այդ պատճառով ժողովրդի բերանում ստեղծված բոլոր ծիծաղելի առակները նրանց էին վերաբերում։ Հովիվներից մեկը ասաց.

— Երկու որսիրանցիք հյուր եղան մեկ տան մեջ. տանտիկինը սև պողոճն ու սև չամիչը խառնեց միմյանց և դրեց նրանց առջև։ Պողոճներն սկսեցին փախչել։ Ընկերը ընկերին ասաց.— «Առաջ այդ ոտովներն ուտենք, քանի դեռ անոտներն քնած են»։

Ամենքը ծիծաղեցին, և յուրաքանչյուրը սկսեց յուր լսածն ու իմացածը պատմել։ Երկար պատմում էին նրանք և երբեմն առանձին-առանձին մոտենում էին տաղավարին, հեռվից հետաքրքրությամբ նայում էին որսիրանցի հյուրի վրա, կարծես ստուգելու համար, թե ո՛րքան ճշմարիտ էին իրանց պատմածները։

Ընթրիքի սեղանը Մերուժանի սպասածից ավելի ճոխ գտնվեցավ։ Փայտյա խանի մեջ դրվեցավ նրա առջև թաժա հաց, պանիր, երկու գլուխ սոխ, իսկ խորովածը շամփուրներով տաք-տաք բերում էին, երբ սպառվում էր, դարձյալ կրկնում էին։ Այն մարդը, որ հայոց թագավորի սեղանի մոտ նախապատիվ և առաջնակարգ նախարարի բարձ ուներ, այն մարդը, որ պարսից թագավորի հետ շատ անգամ մեկ թախտի վրա էր ճաշել, երբեք այնպիսի ախորժակով չէր կերել, որպես ուտում էր նա հովվի պարզ սեղանից։ Բարեսիրտ Մանիի մոտ գտնվեցավ մինչև անգամ գինի։ Երբ սեղանը դրեցին, նա անցավ տաղավարի մի կողմը, մատներով փորեց գետինը և դուրս բերեց մի խեցեղեն փոքրիկ աման, ասելով.

— Ես գինին միշտ այդպես թաղում եմ, այդպես ավելի լավ է լինում, տե՛ր սեպուհ, թե՛ սառն կմնա և թե՛ արևի տաքությունից չի քացախի։

Մերուժանր խնդրեց նրան, որ ինքն ևս սեղանակից լինի, որը մեծ դժվարությամբ ընդունեց, ասելով.

— Այդ ինձ համար չափազանց մեծ շնորհ է, տե՛ր սեպուհ։