Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/316

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թո՛ղ ծերունի Մանին առիթ ունենա մարդկանց մոտ պարծենալու, որ յուր կյանքում մի անգամ մի սեպուհի հետ հաց է կերել։

Նա նստեց և գինու ամանը դրեց յուր մոտ։

Առաջին թասը Մերուժանը քամեց մինչև վերջին կաթիլը։ Այդ տեսնելով, Մանին խրախուսվեցավ և սկսեց թե ինքը խմել և թե ավելի հաճախ մատուցանել թասը յուր հյուրին։ Երբ բավական խմել էին, նա դարձավ դեպի հյուրը, հարցնելով,

— Ասա՛ ինձ, տե՛ր սեպուհ, դու ի՞նչ համբավ ունես Մերուժանից։ Դու աշխարհի մարդ ես, գիտես նրա չարն ու բարին։ Մենք կտրված ենք աշխարհից, չգիտենք, թե ո՛րտեղ ի՛նչ է կատարվում։ ճշմարի՞տ է ա՛յն, որ խոսում են․․․

— Ի՞նչ են խոսում։

— Ի՞նչ ասեմ... դու ինձանից լավ գիտես, տե՛ր սեպուհ... լեզուս չի բռնում, որ ասեմ...

— Ես էլ ուղիղը չգիտեմ, բարի Մանի՛... շատ բան են խոսում... ո՞ր մեկին կարելի է հավատալ... Ես միայն այդքանը գիտեմ, որ շուտով կգա Մերուժանը և շատ կարելի է, որ նա հայոց թագավոր դառնա...

Հովվի խորշոմներով պատած դեմքը բոլորովին մռայլվեցավ. վերջին խոսքերը փոխանակ ուրախացնելու նրան, որ յուր տերն ու իշխանը թագավոր է դառնալու, ընդհակառակն, ավելի տխրացրին։

— Այդ լավ չէ,— ասաց նա վշտալի ձայնով,— այդ աստուծո կամքին հակառակ բան է։ Թագավորը պետք է թագավոր լինի, իսկ իշխանը՝ իշխան։ Աստված ինձ կպատժեր, եթե ես մտածեի Մերուժան լինել։ Ես նրա հովիվն եմ և պետք է գոհ լինեմ իմ վիճակով։

— Բայց Մերուժանի նախնիքը նույնպես թագավոր են եղել,— ընդհատեց հյուրը։

— Այդ ես չգիտեմ, եղե՞լ են, թե ոչ, գուցե եղել են։ Բայց ի՞նչ ուներ նա պակաս մի թագավորից։ Նա հենց յուր աշխարհի թագավորն էր։ Երասխից սկսած մինչև Վանա ծովակը տարածվում է նրա իշխանության երկիրը։ Միթե Արշակ թագավորը այդքան երկիր ունի՞։ Ես շատ եմ թափառել, տե՛ր սեպուհ, ես շատ տեղեր եմ տեսել։ Ես տեսել եմ Արշակ թագավորի ձիաների երամակները. տեսել եմ և նրա ոչխարների հոտերը, բայց մեր ունեցածի կեսը, կեսի կեսը չեն լինի։ Ես տեսել եմ Արշակ թագավորի որսորդության լեռները և նրա անասունների արոտամարգերը.