Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/318

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Գիշերը գեղեցիկ է, Մանի, իսկ սիրուն լուսինը խլեց իմ քունը։ Բայց քո գինին այնքան ախորժելի էր, որ բորբոքեց իմ գլուխը։ Կցանկանայի մի փոքր ման գալ, մի փոքր սրտիս ամբոխմունքը։ Առաջնորդիր ինձ, բարի Մանի, որ քո շները կրկին չխանգարեն ինձ։

Մերուժանը վեր կացավ, իսկ Մանին առեց յուր ցուպը, ընկավ նրա առջևը, հարցնելով, թե դեպի ո՞ր կողմն է ցանկանում գնալ։

— Դեպի լեռան կողմը,— պատասխանեց նա։

Նրանք անցան անասունների լուռ և խաղաղ հանգրվանի միջով և մոտեցան լեռան ստորոտին։

— Դու ինձ միայնակ թող, բարի Մանի,— ասաց նրան Մերուժանը։— Այստեղ ես փոքր֊ինչ կթափառեմ, հետո կնստեմ մի ժայռի վրա և նրա բարձրությունից կնայեմ, թե ի՛նչպես լուսինը սահելով ընթանում է թափանցիկ ամպերի տակով, և կլսեմ լեռնային վտակի անուշ ձայնը։

Պարզամիտ Մանին ոչ սակավ զարմացած էր իշխանի հուզված տրամադրության վրա, որ մի առանձին հոգեզմայլության մեջ էր դրել նրան։ Այդ անակնկալ փոփոխությունը վերաբերում էր նա գինու ազդեցությանը։ Եվ կամ, ո՞վ գիտե, ի՛նչ անհայտ զգացմունքներ ալեկոծում էին Նրա սիրտը։ Նա յուր հյուրին թողեց միայնակ և, տալով նրան յուր սրինգը, ասաց.

— Մնացի՛ր այստեղ, տե՛ր սեպուհ, որքան և քո սիրտը կհաճի, և վայելի՛ր զով գիշերի քաղցրությունը։ Բայց երբ կցանկանաս կրկին վերադառնալ իմ տաղավարը, հնչեցրու այդ սրինգը, ես կլսեմ, կգամ և կտանեմ քեղ։ Մեր շները բավական չար են, տե՛ր սեպուհ։

— Շնորհակալ եմ, բարի Մ անի, — ասաց նա և ընդունեց սրինգը։

Հովիվը հեռացավ։

Մերուժանը մնաց միայնակ։ Երկար նա, խորին այլայլության մեջ, թափառում էր լեռան ստորոտում և յուր սրտի հուզմունքներին հանգստություն տալ չէր կարողանում։ Տխո՛ւր էր նա այն հուսահատական տխրությամբ, որ մարդուն անհնարին շվարման մեջ է դնում։ Երբեք նրա հզոր կամքը այնպես տկարացած չէր եղել, որպես այս գիշեր։ Երբեք նրա անզուսպ ինքնավստահությունը այնպես թուլացած չէր եղել, որպես այս գիշեր։ Նա հենվեցավ մի ժայռի վրա և կանգ առեց։ Նայում էր դեպի յուր շուրջը տիրող մռայլը, որ լուսավորված էր լուսնի աղոտ լուսով։ Նայում էր դեպի թախծալի երկինքը, որ պատած էր մոխրագույն ամպե