Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Հուսիկ, այդ դո՞ւ ես։

— Այո՛, տեր իմ,— պատասխանեց սպասավորը, գլուխ տալով։

Ժամանակի սովորության համեմատ, սպասավորը ամեն ծառայության համար պետք է յուր տիրոջ աչքին երևնար միայն. նա համարձակություն չուներ յուր կողմից առաջարկություններ անելու, այլ պետք է լուռ սպասեր տիրոջ հրամանին։ Այժմ նրա լվացվելու և հագնվելու ժամանակն էր։ Սպասում էր, արդյոք յուր տերը կբարեհաճե՞ր ջուր պահանջել։ Այդ մասին ոչինչ պատվեր չստացավ պատանին. մտածեց փարատել իշխանի տխրությունը։

— Գիտե՞ք տեր իմ, այս գիշեր ի՞նչ է պատահել ամրոցում,— ասաց նա խորամանկ ժպիտով։

— Ի՞նչ է պատահել,— հարցրեց իշխանը։

— Մկները Պապիկի մորուքի մի կողմը կրծոտել են։

Ամրոցի ծերունի դռնապանի մասին էր խոսքը։

— Երեկ երեկոյան,— շարունակեց պատանին,— նա օծվել էր, յուղվել էր, գնացել էր յուր փեսային տեսնելու. այնտեղից հարբած եկել ու պառկել էր, գիշերը մկները մի լավ ընթրիք էին անուշ արել նրա բարձերի վրա․․.

Իշխանը նայեց պատանու անհանգիստ, վառվռուն աչքերի մեջ և բարկությամբ ասաց.

— Չարաճճի, այդ անպատճառ քո գործը կլինի։

— Չէ՛, աստված է վկա։

— Իմ գլխովը երդվի՛ր։

Պատանին կարմրելով կանգ առեց։

— Տեսնո՞ւմ ես, անպիտան. մյուս անգամ այդպիսի հիմարություն չանես։

Կատակը անհաջող անցավ։

— Ապա ի՞նչ անեի — ամոթից գլուխը քարշ ձգած մրմնջաց պատանին,— այնպես հարբած եկել, քնել էր, գիշերը մարդ է մտնում ամրոցը, նա չէ զարթնում։

— Ի՞նչ մարդ,— հարցրեց իշխանը ավելի լուրջ կերպով։

— Դու այդ ժամանակ արթու՞ն էիր։

— Ես ամբողջ գիշերը չեմ քնել․․․

Վերջին խոսքերը արտասանելու միջոցին պատանու դեմքը ավելի կարմրեցավ։