Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/321

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քերից։ Դարձյալ զգացմունքների կատաղի մրրիկը սկսեց ալեկոծել նրան։ Երկար այդ խռովության մեջ տանջվում էր նա, մինչև խելագարի նման ձեռքը տարավ դեպի բորբոքված ճակատը և դողդոջուն ձայնով արտասանեց.

— Ո՛չ, ո՛չ, ով տեր, ես սիրում եմ... առանց նրան ինձ համար լույս և կյանք չկա... Դու ստեղծեցիր սերը, դո դրեցիր իմ մեջ սերը և դո՛ւ պետք է լինես նրա զորավիգը... Նա քո արարչագործության ամենամեծ արդյունքն է... Ժամանակներից առաջ քեզ հայտնի էր նրա և կեցուցիչ, և մահացուցիչ զորությունը... Դու գիտեիր, թե որպիսի՛ անողորմ ձեռքով պետք է դարձնե նա մարդկանց սրտերը թե դեպի բարին և թե դեպի չարը... Ինձ ձգեց վերջին ճանապարհի վրա, և պետք է շարունակեմ առողջ գնալ... Թո՛ղ աշխարհի մեջ մի անարգ նշավակ դառնամ ես, թո՛ղ ապագայի համար հավիտենական դատապարտության առարկա դառնամ ես, թո՛ղ ամեն ոք անեծքով արտասանե իմ անունը, բայց ես սիրում եմ և կսիրեմ... Իմ անգին Որմիզդուխտը պետք է լինի Հայաստանի թագուհին, իսկ ես պետք է դառնամ թագավոր, միայն նրան արժանի լինելու համար... Թո՛ղ արյունով ոռոգվի այն ուղին, որ տանում է ինձ դեպի հայոց գահը... Թո՛ղ դիակներով կազմվի այն սոսկալի ամբարտակը, որ կհասցնե ինձ մինչև այդ բարձրությունը... Բոլորը քա՜ղցր է ինձ համար, բոլո՜րը ախորժելի է ինձ համար, որովհետև այդ բարձրության վրա պետք է վայելեմ նրա սերը.․․


Առավոտյան, դեռ արևը նոր էր ծագել, դեռ նոր հոտերը քշում էին դեպի մերձակա արոտները, երբ Մանիի տաղավարին մոտեցան երեք սպառազինված ձիավորներ։

— Այստեղից անցա՞վ մի սպիտակ ձիավոր, —հարցրեց նրանցից մեկը։

— Նա գիշերը ինձ մոտ հյուր էր,— պատասխանեց հովիվը։

— Ի՞նչ եղավ։

— Գնաց։

— Ե՞րբ գնաց։

— Նա եկավ գիշերով և գնաց գիշերով։

— Ո՞ւր գնաց։

— Մութն էր, ես նրա ետևից երկար նայեցի, բայց նկատել չկարողացա, թե ուր գնաց։— Ո՞վ էր նա,— հարցրեց հովիվը, ինքը ևս հետաքրքրվելով։

21 Րաֆֆի, Երկերի ժողովածու, հ. VII