Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/325

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վրանից դուրս, մուտքի այս և այն կողմերում, կարգով շարված էին նրա գլխավոր զորապետները, պալատականները և այլ ավագանին։ Ամենքը լուռ էին և խորին երկյուղածությամբ սպասում էին թագավորի ձայնին։

Միջահասակ էր նա, թուխ դեմքով և խոշոր, վառվռուն աչքերով։ Կարճ կտրած սև մորուքը սփռված էր ոսկու փոշիով։ Դեմքի վրա նշմարվում էր ահավորություն և խստություն։ Նա գտնվում էր այն սրբազան ձորի մեջ, որ լի էր անմոռանալի հիշատակներով, որ ամենահին ժամանակներից եղել էր կրոնների և պաշտամունքների օրորան։ Այդ ձորով անցնում էր Արածանին —հայոց սիրելի Հորդանանը։ Այդ գետի նվիրական ափերի մոտ բարձրանում էր վեհապանծ Նպատը — հայոց սուրբ Սինան,— որի այրերում մի ժամանակ ճգնում էր հայոց Լուսավորիչը, որի այրերում և հանգյավ նա։ Այժմ քըիստոնեության թշնամի թագավորի բանակը գրած էր քրիստոնեության նախկին օրորանի մեջ։ Լուռ էր նա, և մտահույզ աչքերը հառած էին դեպի մի հոյակապ վանք, որ կանգնած էր նրա հանդեպ, նպատ լեռան լանջաց վրա։ Գեղեցիկ վանքը, յուր գմբեթների բարձրությամբ, կարծես մրցել էր կամենում շրջակա բարձրությունների հետ։

— Այդ ի՞նչ վանք է,— դարձավ նա դեպի Մերուժտն Արծրունին

— Դա ս. Հովհաննու վանքն է, տե՛ր արքա,— պատասխանեց Մերուժանը, ավելացնելով.— Այդ վանքի տեղումն էր հայոց ամենահին սրբարաններից մեկը՝ Բագավանը, որի մեջ կանգնած էր «վանատուր» (հյուրասեր) Արամազդի մեծագանձ մեհյանը։ Ամեն մի անցորդ, ամեն մի օտարական նրա բազմաթիվ օթևաններում հյուրասիրություն և գիշերային հանգստություն էր վայելում։ Այստեղ, յուրաքանչյուր տարի, հայոց Նավասարդ ամսի սկզբում, կատարվում էր «ամանորի» (նոր տարու) աշխարհախումբ տոնախմբությունը։ Ներկա էր լինում հայոց թագավորը յուր նախարարների հետ։ Օրհնում էին հասունացած պտուղները և նվիրում էին հյուրասիրության աստուծուն։ Մշտավառ պահվում էր նրա տաճարում որմզդական երկնային հուրը, և քուրմերի ահագին բազմություն սպասավորում էին սուրբ սեղանին։

Շապուհի թուխ դեմքը ավելի մռայլվեցավ այն տպավորության ներքո, որ այդ բոլորը, որ այնքան նման էին, որ այնքան զուգապատշաճ էին պարսից պաշտամունքներին,— այժմ չկային,