Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/327

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գություն տար: Լուռ և թախծալի դեմքերով սպասում էին այդ թշվառ նահատակները օրհասի վերջին րոպեներին։ Բայց նույն թախծույան մեջ նշմարվում էր մի վսեմ, հոգևոր մխիթարություն:

Կարծես Եփրատի սրբազան հովիտին վիճակված էր նահատակությունների հանդիսարան լինել։ Այստեղ նահատակվեցան Ոսկյանք, այստեղ նահատակվեցան և Սուքիասյանք։ Այստեղ, որպես Իսրայելի Մովսեսը Նաբավ լեռան խորքերում, նույնպես և Հայաստանի Մովսեսը — Լուսավորիչը — անհայտացավ Նպատ լեռան մթին այրերի մեջ։ Ամենախորին ժամանակներից այդ հովիտը միշտ մի արյունոտ հանդիսարան է եղել կրոնների պատերազմի։ Եվ սկսյալ Մաժան քրմապետի արյան հեղեղումից մինչև Շապուհի կատարած վերջին նահատակությունները նա միշտ ցողված է եղել սուրբերի արյունով...

Մի խումբ նվագածուներ սկսեցին հնչեցնել փողերը և դափել թմբուկները։ Այդ ձայներից փղերը ավելի զվարճացան, ավելի ոգևորվեցան։ Սկսեցին դիվական ուրախությամբ պարել։ Այդ միջոցին պարսից կարմրազգեստ դահիճները բերում էին հայոց չափահաս և անչափահաս գերիներին և խմբերով ածում էին փղերի առջև։ Նախ ձգեցին նրանց առջև փոքրիկ մանուկներին։ Անագորույն անասունները նույն զվարճալի խաղն էին խաղում իրանց զոհերի հետ, ինչ խաղ որ խաղում է կատուն մկան հետ, երբ ծուղակից հանելով նրա առջևն են ձգում։ Ահարկու կնճիթներով հափշտակում էին թշվառներին և գնդակի նման դեպի վեր էին նետում։ Նրանք ընկնում էին, դառն հառաչանքներ արձակելով։ Դարձյալ բռնում էին, և, օդի մեջ պտտացնելով, զարկում էին գետնին։ Այսպես շարունակում էին դժոխային խաղը, մինչև բոլորովին անշնչանում էին։ Հետո ոտքերի տակ կոխ տալով, փշրում էին նրանց բոլոր ոսկերոտիքը և, իբրև մի տափակացրած բամբակի կտոր, կրկին բռնում էին կնճիթներով և նետում էին գետի մեջ։ Դժբախտ Եփրատը հետզհետե լցվում էր դիակներով, և նրա պարզ ու հստակ ջուրը արյունի գույն էր ստանում... Այսպես հազարավոր անձինք փղերի ոտքի կոխան եղան։

Այդ տեսնում էր Շապուհը յուր վրանից։ Այդ տեսնում էին Մերուժան Արծրունին և Վահան Մամիկոնյանը, որ ներկա էին նրա մոտ։ Եվ նրանց զվարճությունը ավելի մեծ էր փղերի զվարճությունից...

— Հիմա այդ դատապարտյալները դժո՞խքը կգնան, թե՞ հայոց դրախտը,— հարցրեց արքայից արքան դառն ծիծաղով։