Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/332

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քn ամուսին Անդովկ իշխանը գերի վարեց իմ նախորդ ներսեհ արքայի ամբողջ կանանոցը և այրաց տիկնանց-տիկնոջը հափշտակեց, տարավ Սյունիք։

- Եվ անվայել չէր, Շապուհ,— պատասխանեց արիասիրտ տիկինը։— Իմ ամուսինը, իրավ է, քո նախորդ Ներսեհ արքայի կանանոցը գերի վարեց։ Բայց որտեղի՞ց։ Պատերազմի դաշտից, յուր մեծ հաղթությունից հետո։ Իսկ դու գողի նման մտար իմ ամուսնի անտեր ու անպաշտպան ամրոցը և նրա ընտանիքը հափըշտակեցիր։ Եթե իմ ամուսինը Բյուզանդիայում չգտնվեր, դու այդ գողությունը անել չէիր կարող։ նա յուր գերիների հետ վարվեցավ այնպես, որպես օրեն, էր մի ազնիվ իշխանի։ Նա Ներսեհի կանանցից ո՛չ մեկի քողը չբարձրացրեց։ Իսկ դո՛ւ մեզ մերկանդամ կանգնեցրել ես այդ հրապարակի վրա։ Նա Ներսեհի կանանցը արքայավայել պատվով պահելուց հետո դարձյալ պատվով ետ ուղարկեց։ Իսկ դու քո կին-գերիներին բարբարոսությամբ բարձրացնում ես այդ երկաթյա անարգ սյուների վրա։ Ամո՜թ քեզ, Շապուհ, դու արատավորեցիր թե թագավորի մեծությունը և թե մարդու առաքինությունը։

֊ Մի՛ նախատիր ինձ, տիկին,— ասաց նա զայրացած կերպով։ — Անմոռանալի են ինձ համար սյունեցիների հասցրած տառապանքները, և անբուժելի են իմ սրտում քո ամուսնի դրած վերքերը։ Նա չէ՞ր, որ հրդեհեց, ավերակ դարձրեց իմ մայրաքաղաք Տիզբոնը և իմ բոլոր գանձերը ավարի առեց։ Մինչև այսօր Տիզբոնը չէ կարողանում մոռանալ քո ամուսնի հասցրած հարվածները, մինչև այսօր իմ արքունիքի դարպասում դրված է մոխրով լի սանդը, որը ծեծելով ողբում են և անիծելով ասում են. «Սյունյաց իշխանների տերությունը և նրանց կյանքն ու զորությունը թո՛ղ այդ մոխրի նման փոշի դառնա... Եվ ես փոշի՜ կդարձնեմ...

— Այդ դեռևս աստված գիտե, Շապո՛ւհ...— պատասխանեց տիկինը, և նրա վշտալի աչքերը վառվեցան բարկության կրակով։— Դու քո բոլոր հույսը դրել ես քո անգթության վրա և այդ երկու անպատիվ մարդկանց վրա, որ ընկած են քո ետևից,— նաձեռքը տարավ դեպի Մերուժան Արծրունին և Վահան Մամիկոնյանը։— Դրանք երկոսն էլ դժբախտաբար իմ ազգականներն են, բայց եթե բնավ չլինեին, ես ավելի երջանիկ կհամարեի ինձ։ Որքան դրանք հավատարիմ մնացին իրանց հարազատ թագավորին, այնքան և հավատարիմ կմնան քեզ...

Նա լռեց, և ապա շարունակեց.