Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/335

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հետ, կազմելով մի սուր եռանկյունի, այնտե՛ղ, ուր սեղմված էր հին Երվանդաշատը, որի բարձրադիր որձաքարյա ամրության վրա ոտք դնելով, Երվանդը մինչև Արշակունինեըի գահը բարձրացավ,— այնտեղ կանգնած էր և Արտագերսը, ոչ այնքան հեռու հիշյալ բերդից։ Նա կանգնած էր բարձր, կապտագույն ապառաժների վրա, և նրա ստորոտում, խորին անդունդի մեջ, որոտում էր Կապույտ գետը։

Արտագերսր ծանոթ էր Հռոմին, ծանոթ էր և Բյուզանդիային։ Կայիոս կեսարը, Օգոստոս կայսրի որդեգիրը, նրա հզոր պարիսպների մոտ մահացու վերք ստացավ բերդի Ատտոն իշխանից։ Իսկ Շապուհը համառությամբ պաշարումը շարունակում էր, համոզված լինելով, որ եթե զենքի ուժով չկարողանա գրավել, անշուշտ քաղցը և սովը կստիպեն անձնատուր լինել։ Բայց բերդի ամբարներում բավական պաշար կար։

Նա բնության մեծ հրաշալիքն էր, որի հետ մարդը մաքառելու համար խիստ անզոր միջոցներ ուներ։ Ժամանակի ռազմական անոթները ո՛չ հասնել և ոչ ազդել կարող էին նրա անմատչելի, բարձրադիր ամրությունների վրա։

Ավելի քան բերդի ամրությունը անխորտակելի էր պաշարյալների եռանդը։ Անձնազոհությունը չափ և սահման չուներ։ Ազատանի կանայք գիշերները պարիսպների վրա էին պառկում։ Ազատանի օրիորդները անքուն հսկում էին աշտարակներից թշնամու ամեն մի շարժումը։ Ինքը թագուհին յուր ձեռքով էր դարմանում յուր զինվորների վերքերը։ Այր և կին վառված էին հայրենասիրության ջերմ ոգվով, և մեկը մյուսին աշխատում էր գերազանցել։ Եվ բոլորին ոգևորողը, բոլորին քաջությունը բորբոքողն էր ինքը թագուհին։

Մի անգամ Շապուհը հրամայեց վճռական հարձակում գործել։ Պարսից վահանափակ և ասպարապատ զինվորները բարձրացան մինչև բերդի պարիսպները։ Կռվում էին նրանք հերոսաբար, և բերդից կարկուտի նման տեղացող նետերը չէին կարողանում զսպել նրանց կատաղությունը։ Թագուհին, զրահավորված, կանգնել էր պարսպի վրա և խրախույս էր տալիս յուր զինվորներին։ Մի նետ դիպավ նրա ուսին, ծակեց զրահը, և ցցված մնաց յուր տեղում։ Զորապետներից մեկը շտապով մոտ վազեց, ձեռքը մեկնեց, որ դուրս քարշե նետը։ «Ինչո՞ւ ես իզուր ժամանակ կորցնում,— նկատեց նրան թագուհին,— այդ հետո էլ կարելի է հայել»։ Այդ խոսքը այն աստիճան ազդեց, որ զինվորները, խորին