Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/337

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


նրա ձեռքից,-դո՛ւ, տիկին, ավելի նազելի կլինեիր, եթե այդ սքանչելի գեղեցկությանդ հետ՝ փոքր-ինչ խելք ու խոհեմություն ունենայիր։ Բայց սյունեցուն չէ տված խելքը, չէ տված և խոհեմությունը։ Նրան տված է վայրենի կոպտությունը՝ և անսանձ հպարտությունը միայն։ Նրա սիրտը, նրա միտքը, յուր լեռների ապառաժների նման, կոշտ է և անզգա։ Այդպես էր քո հայրը՝ Անդովկ իշխանը, այդպես էր և քո մայրը։ Ես քո մոր մարմինը, յուր հանդուգն համարձակախոսության համար, մաս-մաս հոշոտել տվի Զարեհավանի ավերակների մոտ։ Ես քո բոլոր ազգատոհմը ջնջեցի։ Մնում են քո եղբայրները միայն, որոնք գտնվում են իմ գերիների թվում։ Նրանց ևս սպասում է նույն ցավալի վախճանը, եթե դու, տիկին, կշարունակես քո համառության մեջ մնալ։ Ինչո՞ւ ես ամրացել այդ բարձրության վրա։ Միթե այդ ապառաժները կարո՞ղ են փրկել քեզ։ Մե՜ծ է արյաց արքայից արքայի զորությունը և սոսկալի է նրա բարկությունը։ Նրա ահավոր շունչից լեռները մոմի նման հալվում են և ծովերը ցամաքում են։ Իսկ դու, տիկին, անմտությամբ կղզիացած ես այդ քարերի գագաթների վրա, առանց մտածելու, որ ալիքները կբարձրանան, մրրիկը կփոթորկվի, և այդ ողորմելի կղզին կկորչի, կանհետանա իմ բարկության անողոք հոսանքի մեջ․․․ Ինչո՞ւ ես ամրացել այդտեղ։ Դրանով դու չես կարող ազատել, տիկին, ոչ քո անձը և ոչ քո երկիրը։ Ամբողջ Հայոց աշխարհը իմ ոտքի տակն է։ Բավական է մի թեթև ճնշում,— և նա մոխիր կդառնա։ Քեզ համար, տիկին, մի այլ հույս չկա, բացի իմ մեծահոգությունը։ Նրա վրա հենվիր, և քեղ փրկություն կլինի։ Եթե դու կին չլինեիր, ես քեզ չէի ների։ Բայց կներեմ, որովհետև կին ես: Ցած իջի՛ր այդ բարձրությունից, համբուրի՛ր արյաց արքայից արքայի ոտքերի փոշին, և նա ողորմած կլինի դեպի քեզ։

Թագուհին անվրդով կերպով լսում էր։ Վրդովված էին միայն նրա նախարարները, վրդովված էր և ավագանին։ Այդ սպառնալիքների պատասխանը կարող էր լինել մի նետ, որ վերևից արձակելով, կլռեցներ գազանին։ Եվ նախարարները պատրաստ էին հարվածելու նրան, եթե տիկնոջ լուռ ակնարկությունը չզսպեր նրանց բարկությունը։ Նա չկամեցավ դավաճանին դավաճանությամբ պատասխանել, և յուր ամրոցի դռնից հյուրի դիակը ետ ուղարկել։

Նա պատասխանեց. — Լսի՛ր, Շապուհ, դու թագավորի վեհության հետ կորցրել

337

22 Րաֆֆի երկերի ժողովածու, հ․ VII