Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/339

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

արին։ Ահա՛ այդ տիրավաճառ և տիրանենգ ծառաներից երկուսը քեզ մոտ կանգնած են,— երկուսին ևս, իբրև կաշառք, տվել ես քո քույրերին։

Նա ձեռքը տարավ դեպի Մերուժան Արծրունին և դեպի Վահան Մամիկոնյանը, և ապա շարունակեց.

— Բայց մի՛ մոռանար, Շապուհ, Հայոց աշխարհը ղարձյալ տեր ունի․ նախ նա, որ ամբողջ տիեզերքի տերն ու թագավորն է,— նա ձեռքը տարավ դեպի երկինքը,— երկրորդ, ե՛ս, որ խոսում եմ քեզ հետ, և ապա իմ որդին, որ այժմ գտնվում է կայսրների քաղաքում (Բյուզանդիայում)։ Սնոտի հպարտությունը և կույր անձնախաբեությունը մոլորության մեջ են դրել քեզ, Շապուհ։ Լա՛վ մտածի՛ր, և ուշի ե՛կ Շապուհ։ Եթե ամենքը կջնջվեն, եթե կմնա հայոց խրճիթներում մի թույլ աղջիկ միայն,— նա դարձյալ կպատերազմե քեզ հետ։ Բայց դեռ այդ տեղը չէ հասել։ Դու չե՞ս տեսնում, որ քո բոլոր զորությամբ զարկվեցար այդ ամրոցի ապառաժների վրա, և ոչինչ ազդել չկարողացար։ Բայց որքա՞ն այդպիսի ամրոցներ դեռ կան մեր աշխարհում, որոնց մեջ իմ նախարարները զենքը ձեռքում սպասում են քեզ։ Դու ընկել ես հայոց լեռների որոգայթի մեջ, և շատ բախտավոր կլինես, եթե դուրս զալ կարողանաս։ Գնա՛, Շապուհ, հեռացի՛ր այստեղից։ Գնա՛, բորբոքի՛ր քո բոլոր չարությունները, և ինչ որ բարբարոսություններ, որ տակավին կարող ես կատարել, մի՛ խնայիր։ Քո սպառնալիքները չեն կարող վախեցնել ինձ։ Գնա՛։ Այն բոլոր վատություններից հետո, որ դու գործ դրեցիր, այլևս մեր մեջ ոչինչ հաշտություն կայանալ չէ կարող։ Քանի որ իմ թագավոր-ամուսինը հեծում է Անուշ բերդում,— Հայոց աշխարհը, վրեժխնդրության զենքը ձեռքում, կպատերազմե քեզ հետ․․․

— Տեսնե՜նք․․․— կատաղաբար մռնչաց գազանը, և սկսեց ցած իջնել բերդի բարձրությունից։


Անցավ համարյա մի ամբողջ ամիս։

Արտագերս բերդը զվարճանում էր ընդհանուր ցնծության մեջ։ Փողոցները զարդարված էին, գույնզգույն դրոշակները ծածանվում էին աշտարակների բարձրության վրա։ Բնակիչների սառսուռն բազմությունը լցրել էր հրապարակները։ Այր և կին, տղա ու աղջիկ պար էին բռնել և նվագարանների ուժգին հնչյունների ձգանակով թնդեցնում էին գետինը։ Արքայական պալատի շուրջը