Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/340

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


հավաքված էին՝ հարուստ զենքերով ու զարդերով պճնված զինվորականների ուրախ խումբերը։

Երեկ Շապուհը թողեց բերդի պաշարումը և հեռացավ դեպի Պարսկաստան։ Այսօր բերդը տոն էր կատարում։

Արքայական պալատի ընդարձակ սրահներից մեկը շքեղ կերպով զարդարված էր։ Մի կողմում, երկար սեղանի վրա, դրված էին թանկագին զգեստներ, գեղեցիկ զենքեր ու զրահներ, և զանազան տեսակ ոսկեղեն ու արծաթեղեն անոթներ, որոնց փայլը աչք էր շլացնում։ Դրանք դուրս էին բերված թագավորական գանձարանից պարգևաբաշխության համար։ Թագուհին, ամրանալով այդ բերդում, յուր հետ բերեց և թագավորական գանձը։

Շքեղազարդ բազմոցի վրա նստած էր թագուհին և գտնվում էր, օրվա պատշաճին վայել, փառավոր զգեստավորության մեջ։ Այսօր հանդիսավոր ընդունելություն ուներ։ Նրա չքնաղ դեմքը՝ յուր պալատականների ընդհանուր ուրախությունից ավելի զվարթություն էր ստացել, թեև այդ բռնի զվարթությունը, որ ավելի պաշտոնական էր, հազիվ կարողանում էր սքողել այն խորին տխրությունը, որ թաքնված էր նրա գեղեցիկ աչքերում։

Այո՛, գեղեցի՜կ էր Սյունյաց աշխարհի այդ հրաշագեղ դիցուհին, և նրա գեղեցկությունն էր, որ Արշակ թագավորին կատարել տվեց մի եղերական գործ, որ միայն ծայրահեղ սիրահարությունը կարող էր արդարացնել․․․

Գլխին կրում էր փոքրիկ գոհարազարդ թագը, որ բոլորակ պսակի նման՝ հավաքել էր նրա սև գանգուրները, որոնք սփռված էին գունաթափ այտերի վրա, իսկ ետևից մանր հյուսերով ծածկել էին հարուստ թիկունքը։ Սպիտակ շղարշը յուր թափանցիկ ծալքերով սքողում էր վեհափառ գլխի այդ սիրուն զարդը, որ նրա կախարդիչ դեմքին մի առանձին վայելչություն էր ընծայում։ Ոսկյա գինտերը ծածկված էին գանգուրների սև ալիքների ներքո, և միայն վառվռուն ակների փայլը երբեմն երևան էր հանում նրանց ներկայությունը։ Այդ թանկագին գինտերը այն աստիճան ծանր էին, որ ականջների փոխարեն, կարթաձև ճարմանդներով քարշ էին ընկած թագի երկու կողմից։ Իսկ նրանց ծայրերը վերջանում էին զանգակաձև փնջիկներով, որոնց յուրաքանչյուրի մեջ բռնված էր մփ֊մի խոշոր գոհար։ Մի մարգարատաշար շղթա միացնում էր գինտերի երկու ծայրերը և իջնում էր մինչև կուրծքը։ Պարանոցին կրում էր նույնպես գոհարազարդ մանյակը, որից քարշ էր ընկած արքայական լանջաց պատիվը, որը ճաճանչավոր լուսնի ձև ուներ

340