և հանգչում էր փառավոր կուրծքի վրա: Հոլանի բազուկները զարդարված էին ոսկյա ապարանջաններով, իսկ աջ ձեռքի ճկույթի վրա փայլում էր թագուհու հատուկ մատանին: Նա հագել էր ծիրանի պարեգոտ, որ երկար և մեղմ ալիքներով իջնում էր մինչև ոտները, որ կրում էին նախշուն, մարգարտահյուս մաշիկներ: Մեջքը պնդած էր միաձույլ ոսկյա լայն կամարով, որի ծայրերը առջևից կցված էին երկու ականակուռ վահանակներով: Ուսին կրում էր թեթև սամույրենի թիկնոցը, որ պատած էր վարդագույն թավիշով:
Նրա աջ կողմում, առաջին տեղում, կանգնած էր Մուշեղ Մամիկոնյանը՝ հայոց զորքերի ընդհանուր սպարապետը: Հետո Սահակ Պարթևը՝ Ներսես Մեծի որդին: Դրանցից ներքև, իրանց աստիճանի և տոհմային գերազանցության համեմատ, կարգով շարված էին զանազան նախարարներ և զանազան ավագներ: Վերջինների թվումն էր Մեսրոպ տարոնեցին: Իսկ ձախ կողմում, նույն կարգով, կանգնած էին ազատանի կանայք և օրիորդներ, որոնք իրանց ամուսինների հետ բերդն էին մտել: Բոլորի դեմքերի վրա նկարված էր անսահման ուրախություն, բոլորի աչքերը փայլում էին խորին բերկրությամբ:
Հանդիսականներից ոչ ոք նստած չէր, բացի Խադ եպիսկոպոսը, Ներսես Մեծի տեղապահը, որին նա յուր փոխանորդ կարգեց, երբ ուղևորվեցավ Բյուզանդիա:
Դրսից լսելի էին լինում նվագարանների ձայներ, և ամբողջ բերդը թնդում էր ցնծության աղաղակներով: Իսկ սրահում տիրում էր խորին լռություն: Թագուհին դարձավ դեպի հանդիսականները այդ խոսքերով. — Երկարատև պաշարումից հետո, վերջապես, Շապուհը թողեց մեր բերդը: Նրա բոլոր ահարկու զորությունները փշրվեցան մեր ապառաժների վրա: Բայց ավելի քան ապառաժների ամրությունը, անխորտակելի եղավ ձեր քաջությունը, ձեր անձնազոհությունը, իմ սիրելի զորապետներ: Տերը ուժ տվեց ձեր բազուկներին և դուք իբրև լավ հերոսներ, հերոսաբար կռվեցաք մեր հայրենիքի վայրագ թշնամու հետ: Դուք ապացուցեիք, որ նրա արժանավոր զավակներն եք: Դա՛ռն էր այդ երկարատև պատերազմը և լի ցավալի աղետներով: — Դա՛ռն էր, կրկնում եմ, որովհետև, բացի օտար թշնամուց, մենք ստիպված էինք կռվել և մեր հարազատների հետ: Մեր թշնամուն առաջնորդում էին մեր հարազատները: Որդին կռվում էր հոր դեմ, եղբայրը՝ եղբոր դեմ: Եվ դրա մեջն էր