Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/343

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հետո խոսեց եպիսկոպոսը.

— Հայրենիքը վտանգի մեջ է, այո՛, բայց ավելի մեծ վտանգի մեջ է եկեղեցին։ Պարսկական պղծությունը արդեն մուտք է գործել մեր տաճարներում։ Մեր սուրբ սեղանների վրա վառվում է որմզդական կրակը։ Մոգերով ու մոգպետներով լցված են մեր վանքերը։ Միանձնուհիք հալածվում են, իսկ միանձանց բռնադատում են պաշտոն տանել կրակին։ Մեր նախարարներից ոմանք, պարսից արքային ավելի հաճոյանալու համար, իրանց տներում ատրուշաններ են կառուցել։ Մեր բազմաչարչար Լուսավորիչ հոր դառն աշխատանքներով հիմնած եկեղեցին այժմ կործանվելու մոտ է։ Պարսիկը շատ անգամ արշավել է մեր երկիրը, շատ անգամ հաղթել է մեզ, և շատ անգամ հաղթվել է մեզանից։ Մեր երկիրը միշտ ողողված է եղել անընդհատ պատերազմների արյունով։ Բայց անցել են կովի ու կոտորածի տխուր օրերը, և արյան հետքերի վրա կրկին ծաղկել է ժողովրդի կյանքը և նրա բարօրությունը: Իսկ այժմ սպանվում է եկեղեցին, սպանվում է կրոնը, և յուր հետ դեպի հավիտենական մահ է տանում ամբողջ ժողովրդին։ Օրհասը մոտ է, և այդ օրհասից փրկություն չկա։ Դա մի մա՛հ է, որ հարություն չունի։ Դա՛ ազգի մահն է։— Դա՛ հայության մահն է։ Որքա՜ն ազգեր, որքա՜ն ազինք, անհագ վիշապի նման, կլանեց Զրադաշտի սոսկալի դևը։ Որքա՜ն սրբություններ այրվեցան նրա վառած կրակի անշեջ բոցերի մեջ։ Պետք է մարել այդ կրակը, որ արդեն սկսել է բորբոքվիլ մեր աշխարհում։ Պետք է մարել այդ հուրն ու բոցը, որ պիտի լափե մեր սրբությունները։ Այո՛, պետք է մարել նրան, որ վերստին կյանք ստանա մեր եկեղեցին, որի մեջն է կայանում և մեր ազգի ու պետության կյանքը։

— Թn՛ղ օրհնյալ լինի աստուծո կամքը, թո՛ղ տերը ինքը պահպանե յուր սուրբ եկեղեցին, իսկ մենք նրա ուխտապահ զինվորները կլինենք,— միաձայն գոչեց ամբողջ ավագանին։

Թագուհին վերկացավ։ Կրկին տիրեց լռությունը։ Ուշիկ քայլերով մոտեցավ նա երկար սեղանին, որի վրա դրված էին պարգևաբաշխության համար պատրաստված իրեղենները։ Այնտեղից վեր առեց մի սուր և, առաջարկելով եպիսկոպոսին, ասաց.

— Սրբազան հայր, թշնամին սրով և արյունով մտցրեց յուր պղծությունը մեր սուրբ տաճարներում, մենք նույնպես սրով և արյունով պետք է մաքրենք մեր տաճարները այդ պղծությունից։ Ահա՛ քեզ մի զենք, և օրինակ տուր քո պաշտոնակիցներին՝ դրանով նախանձախնդիր լինել եկեղեցու փառքին: