Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/347

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Էին թաքթաքուր տեղերում։ Զարևանդից մինչև Թավրիզ տարածված արևակեզ անապատների տվնջյան անտանելի տոթը չէր, որ ստիպում էր նրանց գիշերով ճանապարհ գնալ, այլ գուցե մի ուրիշ նպատակ, որ չէին ցանկանում շատ աչքի ընկնել։ Գունդերը միասին չէին գնում, նրանք բաժանված էին զանազան խուբերի, որոնց մինը մյուսից մի քանի մղոն հեռավորություն ուներ։

Գիշերից բավական անցել էր, երբ առաջին խումբը հասավ Աղի-գետի մոտ։ Գարնանային հորդությունների ժամանակ գետը, յուր հեղհեղուկ ափերը ողողելով, բացել էր բավական լայն և խորընկած հեղեղատ, որի միջով հոսում էր նա։ Իսկ այժմ ջուրը պակասելով, քաշվել էր, թողնելով յուր ափերի մոտ ընդարձակ լիլային տարածություն, որ պատած էր ճոխ բուսականությամբ։ Այդ տարածությունը այնքան խորն էր ընկած շրջակայքի մակերևույթից, որ եթե հազարավոր անձինք տեղավորվեին այնտեղ, դարձյալ վերևից ճանապարհով անցնողը տեսնել չէր կարող։ Այստեղ, գետի աջ ափի մոտ, իջևանեցին նրանք փոքր-ինչ հանդը ստանալու համար։ Ձիաների ոտները պնդեցին ոտնակապերով, թողեցին գետեզերքի շամբուտներում արածելու, իսկ իրանք՝ ինչ որ ունեին պայուսակների մեջ՝ հանեցին, կերան, հետո գլուխները դրեցին իրանց զենքերի վրա և քնեցին։ Բայց մեկը մնաց արթուն:

Որպես մի մարմնացած անհամբերություն, թափառում էր նա գետի ափերի մոտ և, միևնույն ժամանակ, կրծում էր ձեռքի ապխտած մսի կտորը, որ յուր հետ վեր էր առել։ Գիշերային խավարը ծածկել էր շրջակայքը, և ոչինչ չէր երևում։ Միայն հեռվից մանր, հրեղեն աստղիկների նման նշմարվում էին պարսկական բանակի դեռ չշիջած լապտերները։ Նա անդադար նայում էր դեպի այդ կողմը։

Նա սկսեց գետի հակառակ ուղղությամբ վեր բարձրանալ, մինչև հասավ կամուրջին։ Պղտոր֊լերդագույն հոսանքով վազում էր գետը բազմաթիվ կամարների տակով, և յուր խուլ դղրդյունով աղմկում էր գիշերային լռությունը։ Նա չանցավ կամուրջը, այլ կանգնեց նրա մի կողմում, բարձր սյուներից մեկի մոտ, և այստեղից թե յուր աչքերը և թե յուր լսելիքը լարեց դեպի պարսկական բանակը։ Երկար նայում էր նա, թեև որոշ ոչինչ չէր տեսնում, և որոշ ոչինչ չէր լսում, բացի գետի խուլ դղրդյունից։ Բանակը դրած էր Թավրիզ քաղաքի մոտ, որ գտնվում էր գետի ձախ կողմում, երեք ժամյա հեռավորության վրա։

Այդ միջոցին մեծ ճանապարհի եզրում, որ տանում էր դեպի