Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/348

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կամուրջը, մեկը խլուրդի նման գլուխը դուրս հանեc գետնի մեջ փորված գուբից և սկսեց դիտել յուր շուրջը։ Նրա աչքերը այն աստիճան սովորած էին գիշերային խավարին, որ, գազանի նման, մթության մեջ ևս տեսնում էին։ Նա իսկույն նկատեց սյունի մոտ կանգնած մարդուն և, յուր գետնափոր որջից դուրս գալով, սկսեց մեծ ջանքերով սողալ դեպի նա։

— Ողորմացե՜ք խեղճին,- ձայն արձակեց նա, երբ բոլորովին մոտեցավ։

Սյունի մոտ կանգնած մարդը ցնցվեցավ, երբ տեսավ, որ յուր ոտների մոտ խլրտում էր մի անորոշ, գնդաձև մարմին։

— Երկու օր է, ոչինչ չեմ կերել, մեռնում եմ սովից, ողորմացե՛ք խեղճին,— կրկնեց նա ավելի խղճալի ձայնով։

Սյունի մոտ կանգնած մարդը ձգեց յուր ձեռքի ապխտած մսի կտորը, թեև ինքը նույնպես ոչ սակավ սոված էր։ Նա շան նման խլեց անուշ պատառը, և իսկույն սկսեց կրծել, ոսկորներն ևս մանրելով յուր սուր ատամներով։

— Դու շատ քաղցած ես երևում,— նկատեց նրան սյունի մոտ կանգնած մարդը։

— Ինչպե՞ս քաղցած չլինել, տե՛ր իմ, երկու օր է, որ կամուրջով ոչ ոք չէ անցնում։

— Ինչո՞ւ։

— Չե՞ս տեսնում, այնտեղ դրած է թագավորի բանակը։ Նրա երկյուղից ոչ ոք այդ կողմերով չէ անցնում։ Ճանապարհները դատարկված են։ Մարդիկ վախենում են տանից դուրս գալ և նրա զինվորներին հանդիպել։ Անիրավները, սոված գայլի նման, դեպի ամեն կողմ թափառում են...

— Ներանք քեզ ոչինչ չտվի՞ն։

— Անիծվի՜ն նրանք... ես շատ ուրախ կլինեի, եթե ինձ չկողոպտեին... Զինվորներից մեկը վերարկուս խլեց, տարավ։ Ամբողջ տասն տարի՝ ինձ համար այդ վերարկուն թե՛ անկողին էր և թե՛ վերարկու.... Ստացել էի մի հայ ուխտավորից... Չգիտեմ, ի՜նչ կլինի իմ դրությունը այսուհետև... Ինձ մնում է ցրտից սառչել, և արևից այրվեր.․․

Վերջին խոսքերը մի այնպիսի խղճալի ձայնով արտասանեց նա, որ սյունի մոտ կանգնած մարդը առեց յուր ուսերից զինվորական վարապանակը և, տալով նրան, ասաց.

— Ահա քեզ մի վերարկու։