Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/349

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նա մեծ ուրախությամբ խլեց անսպասելի ընծան և, օրհնելով ջուր բարերարին, խնդրեց.

— Օգնի՛ր ինձ, ողորմած տեր, տանել այդ վերարկուն մինչև իմ խուղը։ Նա շատ հեռու չէ այստեղից։

Նա սկսեց սողալով քարշ գալ դեպի յուր որջը, իսկ անծանոթ բարերարը տանում էր նրա ետևից վերարկուն։ Այդ թշվառականը ուրիշ ոչինչ չէր, եթե ոչ այն ողորմելի ուրուկներից մեկը, որոնց արտաքսում են մարդկային բնակություններից, և նրանք կենում են քաղաքներից դուրս, մեծ ճանապարհների եզերքի մոտ, գետնափոր ծակերի մեջ, և ապրում են անցուդարձ անողների ողորմությամբ։

Եթե լույս լիներ, անկարելի էր առանց սոսկալու նայել, այդ այլանդակված ճիվաղի վրա։ Ձեռքերն ու ոտքերը գոսացած էին։ Երկու ծայրատ մատներ միայն շարժվում էին ձախ ձեռքի վրա։ Երեսի վրա քթի կամ շրթունքների նշան չկար։ Դուրս ցցված ատամները ամբողջապես երևում էին։ Խորն ընկած աչքերը անհանգիստ կերպով վառվում էին մազերը թափված, կոշտացած հոնքերի տակից։ Ձայնը խանձված էր, կարծես, կոկորդը ամբողջապես քայքայված լիներ։ Նրա խուղը իսկապես մի ծակ էր, որ փորել էր գետնի մեջ։ Նրանում նստել կարող էր նա, բայց ձգվելու կամ պառկելու չափ ընդարձակություն չուներ։ Եվ այդ այնքան հարկավոր ևս չէր, որովհետև նրա գնդաձև մարմինը տարածվելու պետք ևս չուներ։ Նրա ամբողջ կարասին մի խեցեղեն ջրի աման էր, որ դրած էր յուր համար հատկապես փորված մի խորշում։ Նրա ողորմելի բնակարանն առանց ծածքի չէր։ Չորս երկճղի փայտեր, քառակուսի ձևով, ցցված էին այդ ծակի չորս անկյուններում, և նրանց վրա դրած էին ուրիշ փայտերի կտորներ ու մացառներ, հետո ծեփել էին կավով։ Այդ ծածքը պահպանում էր նրա խուզը թե անձրևից և թե արևից։ Նա մտավ յուր որջի մեջ, բայց անծանոթ բարերարը չհեռացավ նրանից։ Երբեմն մարդկային հասարակությունից բոլորովին արհամարհված և բոլորովին մերժված արարածներն անգամ մի բանի պիտանի են լինում։

— Դու ասացիր, որ երկու օր է, ոչ ոք չէ՞ անցել կամուրջից,— հարցրեց նրանից անծանոթը։

— Ոչ ոք, տեր իմ։ Ես, ամբողջ օր ու գիշեր, իմ ծակից գլուխս դուրս հանած, նայում եմ։ Եթե մի ճանճ էլ անցնի, կտեսնեմ։ Միայն այս առավոտ, դեռ բավական մութն էր, անցան երկու հոգի։ Նրանք գնում էին դեպի բանակը։